Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Վանական համալիր " Օխտը դռնի "
Վանական համալիր " Օխտը դռնի " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   6-7-րդ դարեր

Օխտը դռնի վանքը գտնվում է Մոխրենես գյուղից 3.5կմ հյուսիս-արևմուտք, Յուղուսեն լեռան փեշին: Վանքը, մասնավորապես եկեղեցին, հետաքրքիր է այն առումով, որ պատկանում է ներսից բազմաբսիդ, դրսից կլոր հատակագծով պահպանված սակավաթիվ հուշարձանների խմբին: Այս տեսակետից էլ այն դասվում է Արցախի եզակի ճարտարապետական հուշարձանների շարքին: Վանական համալիրը բաղկացած էր երեք հիմնական շինություններից, որոնց մի մասը գտնվում է ավերված ու կիսավեր վիճակում: Վանքի մոտերքում է գտնվում վանական աղբյուրը և <<Քրոջ գերեզմանը>>: Համաձայն ավանդության, Օխտը դռնի եկեղեցին կառուցել է հայրենիքի պաշտպանության համար զոհված յոթ եղբայրների միակ քույրը՝ նրանց հիշատակի համար:

Մանրամասն...
Վանական համալիր " Սպիտակ խաչ "
Վանական համալիր " Սպիտակ խաչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Ժամանակը՝   13-17-րդ դարեր

Գտնվում է Հադրութ քաղաքից հարավ-արևմուտք, Վանք գյուղի մոտ: Միանավ բազիլիկ է, կառուցված տարբեր տեսակի անմշակ քարերով ու կրաշաղախով: Գավթի հետ միասին եկեղեցին ունի 15.75 x 7.10 մետր չափեր: Ուշադրության է արժանի զանգակատունը՝ կառուցված 1674թ.: Այն տեղադրված է աղոթասրահի միջև, շրջանաձև երդիկի վրա: Ունի վեց սյուն, բրգաձև ծածկ:

Մանրամասն...
Վանական համալիր " Գտչավանք "
Վանական համալիր " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   9-18-րդ դարեր

Իշխանագետից աջ՝ Տողասարի կամ Գտչաբերդի հյուսիսային լանջին է տեղադրված Գտչավանքը, որը տարբեր աղբյուրներում հիշատակվում է որպես Քթիշ, Կսիշ, Գտիչ, Գտավանք անուններով: Պատմական տեղեկությունները վկայում են, որ այն դեռ վաղ ժամանակներից եղել է Հայոց արևելից կողմանց նշանավոր քաղաքական ու հոգևոր կենտրոններից մեկը: Գտչավանքը եպիսկոպոսանիստ կենտրոն էր: 13-րդ դարի կեսերին այն ընդարձակվում է նոր շենքերով, իսկ Դիզակի մելիքների, հատկապես Եգանի իշխանության ժամանակ հասնում է իր զարգացման գագաթնակետին՝ դառնալով Հայաստանի նշանավոր վանական համալիրներից մեկը: Գտչավանքում առկա են 9-18-րդ դարերի բազմաթիվ բարձրարվեստ խաչքարեր: Վանքի արևմտյան կողմում դեռևս պահպանվում են բնակելի շենքերի և պարսպի ավերակները: Նրա շուրջն է տարածվում գերեզմանատունը, որը մեծամասամբ ավերված է:

Մանրամասն...
Վանական համալիր " Խուտը դռե "
Վանական համալիր " Խուտը դռե " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է 1կմ դեպի արևմուտք բարձրացող լեզվակաձև հրվանդանի վրա: Համալիրը բաղկացած է կամարակապ միջանցքի երկայնքով տեղադրված երկու պայտաձև խորաններով միանավ բազիլիկ եկեղեցիներից, որոնց արևմտյան կողմում միացնում է եռակամար բաց ճակատով թաղակապ գավիթը: Բոլոր շինությունները ավերված են: Փլատակների մեջ երևում են հիմնապատերը:

Մանրամասն...
Վանական համալիր " Երեք Մանկունք "
Վանական համալիր " Երեք Մանկունք " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կարմիր շուկա գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը գտնվում է բարձր կոնաձև, շրջապատի վրա գերիշխող անտառապատ բլրի գագաթին: Բաղկացած է եկեղեցուց, գավթից, կից շինություններից, շրջապարսպից ու գերեզմանոցից: Եռանավ բազիլիկա է, սրահի կենտրոնում կանգնած երկու թաղակիր մույթերով, կիսաշրջան խորանով ու երկու կողային նեղ ավանդատներով: Եկեղեցին կիսավեր է՝ կանգուն են կողային նավերն ու ավանդատները: Կենտրոնական նավը 3մ բարձր է վերջիններից: Այն խորանի գմբեթարդի հետ միասին փլված, թափված է ներսում:

Մանրամասն...
Վանական համալիր " Պտկես բերք "
Վանական համալիր " Պտկես բերք " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կավահան գյուղ
Ժամանակը՝   13-19-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է կոնաձև, անտառապատ բլրի գագաթին: Համալիրի կենտրոնում միանավ բազիլիկ եկեղեցին է կիսաշրջան խորանով: Գտնվում է կիսավեր վիճակում: Եկեղեցու միակ՝ արևմտյան մուտքի դիմաց ուրվագծվում է երբեմնի գավթի ուղղանկյուն հատակագիծը: Այս ամենը ներփակված է եղել շրջապարսպով, որի հետքերը երևում են հատվածաբար, առավել հստակ եկեղեցու արևմտյան կողմում:

Մանրամասն...
Վանական համալիր " Բռի եղցի "
Վանական համալիր " Բռի եղցի " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Հացի գյուղ
Ժամանակը՝   7-17-րդ դարեր

Բռի Եղցու համալիրը բաղկացած է 4 եկեղեցիներից, գավթից, երեք որմնափակ խաչքարերից, մատուռից, օժանդակ շինություններից և ընդարձակ գերեզմանատնից, որոնք հիմնականում կառուցվել են միջնադարում: Առաջին եկեղեցին գտնվում է բլրի գագաթին հարավարևելյան կողմում, փոքր է՝ շարված անտաշ սալաքարերով: Երկրորդ եկեղեցին գտնվում է առաջինի հյուսիսային պատին կից: Նույնպես փոքր շինություն է՝ կառուցված հողմնահարված սպիտակավուն թերթաքարերով: Այն միանավ բազիլիկա է՝ ուղղանկյուն հատակագծով: Գավիթ - ժամատունը, հատակագծում 7.5 x 7.8մ չափերի հորինվածք ունենալով, ծառայել է որպես դամբարան: Հուշարձանախմբի հարավային կողմում է գտնվում 4-րդ եկեղեցին: Այն համեմատաբար փոքր է ու շարված կոպտատաշ սալաքարերով: Արևմտյան ճակատը դրսից պատած է տարբեր մեծության տասնյակ խաչքարերով: Արևմտյան մասում բացվող միակ մուտքը զարդարված է քանդակներով: Եկեղեցու կիսակամար ճակատաքարի կենտրոնում խաչ է դրված, շուրջը՝ շախմատաձև նախշեր, որի երկու կողմում քանդակված են մեկական սիրամարգ: Պատի վերնամասի արձանագրության համաձայն եկեղեցին կառուցվել է 1235թ-ից առաջ, Շահեն վարդապետի օրոք:

Մանրամասն...
Վանական համալիր " Ամարաս "
Վանական համալիր " Ամարաս " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Սոս գյուղ
Ժամանակը՝   4-19-րդ դարեր

Ըստ մատենագրության տվյալների՝ դեռևս 4-րդ դարի սկզբին Գ. Լուսավորիչը այստեղ հիմնադրել է եկեղեցի, որի ավարտումը կապվում է Լուսավորչի թոռ Գրիգորիս եպիսկոպոսի անվան հետ: Ամարասի ներկայիս կանգուն եկեղեցին կառուցվել է 1858թ.-ին կաթնագույն ֆելզիտի մաքուր տաշած քարով: Այն ունի եռանավ բազիլիկի հորինվածք: Վանքն ունի ուղղանկյուն հատակագծով պարսպապատեր՝ չորս անկյուններում տեղադրված կլոր բուրգերով: Ներսում պարիսպների ողջ պարագծով կառուցված են բնակելի և օժանդակ բազմաթիվ շինություններ: Այստեղ՝ աղոթասրահից դեպի արևելք՝ պարսպից ներս, բակը բնակելի սենյակների շարքով անջատվել և վեր է ածվել երկու ներքին բակերի: Արևելյան փոքր բակն ունեցել է միայն տնտեսական նշանակություն: Այստեղ են եղել վանքի գոմը, ախոռը, պահեստները: Ամարասի վանքը ոչ միայն հոգևոր կենտրոն է եղել, այլ նշանավոր ամրոց, որի մասին վկայում են հատկապես ուշ շրջանի պատմական աղբյուրները:

Մանրամասն...
Վանական համալիր " Ս. Լուսավորիչ "
Վանական համալիր " Ս. Լուսավորիչ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Սոս գյուղ
Ժամանակը՝   5-6-րդ դարեր

Հուշարձանը խիստ ավերակված է և պահպանվել է փլատակների տեսքով: Այսօր մեզ հասած փլատակների մեջ կարելի է տարազատել եկեղեցու, հնարավոր է նաև գավթի, բազմաթիվ բնակելի տների և այս ամենը ներփակող շրջապարսպի հետքերը, որոնք պատված լինելով անտառածածկույթով, դժվար են ուրվագծվում: Եկեղեցին ուղղանկյուն շինություն է, ուղղանկյուն խորանով: Արևմտյան մուտքի երկու եզրաքարերի մոտ ընկած է վաղ քրիստոնեական քառանիստ խոյակը:

Մանրամասն...
Վանական համալիր " Բովուրխան "
Վանական համալիր " Բովուրխան " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ննգի գյուղ
Ժամանակը՝   17-18-րդ դարեր

Հարավ գյուղից դեպի հարավ-արևմուտք, թավուտ անտառի խորքում, <<Բովուրխան>> կոչվող լեռան վրա է գտնվում համանուն վանքը: Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, բնակելի և արտադրական կառուցվածքներից, որոնք շրջափակված են պարիսպներով: Համեմատաբար լավ է պահպանվել արևելյան կողմում գտնվող եկեղեցին:

Մանրամասն...
Վանական համալիր <<Հավապտուկ>>
Վանական համալիր <<Հավապտուկ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Ժամանակը՝   1163թ.

Վանական համալիրը գտնվում է Գանձասարի վանքից հարավ: Վանքը կիսավեր է, բաղկացած է երկու եկեղեցիներից եւ գավթից: Շրջապատում նկատվում են այլ շինությունների հետքեր: Վանքն ունի ուղղանկյուն հատակագիծ, ծածկը եղել է թաղակապ, պատերը կառուցված են կրաքարով: Շինարարական արձանագրությունը. « Թիվն ՈԺԲ (1163թ.) էր: Յիշխանութեան Հասանայ որդոյ Վախտանգայ եւ ամուսնոյ նորա Մամքանայ ես տէր Յոհան քվերորդի տէր Գրիգորոյ եւ Գեւորգ եղբարորդի եւ այլ միաբանքս շինեցաք եկեղեցիքս ի փրկութիւն հոգոց մերոց եւ յիշատակ ծնողաց մերոց¦:

Մանրամասն...
Վանական համալիր << Հոռեկա վանք>>
Վանական համալիր << Հոռեկա վանք>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Թալիշ գյուղ
Ժամանակը՝   13-18-րդ դդ

Վանքը բաղկացած է եկեղեցուց և գավթից: Շրջակայքում կան այլ կառույցների փլատակներ: Եկեղեցին միանավ բազիլիկ է, տանիքը՝ երկթեք:

Մանրամասն...
Վանական համալիր <<Մեծառանից վանք>> (Ս.Հակոբավանք)
Վանական համալիր <<Մեծառանից վանք>> (Ս.Հակոբավանք) ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Քոլատակ գյուղ
Ժամանակը՝   7-13-րդ դդ

Վանական համալիրը կազմված է երկու եկեղեցուց, երկու գավթից, տնտեսական շինություններից ու պարսպապատերից: Համալիրում առկա են նաև մի շարք խաչքարեր:

Մանրամասն...
Վանական համալիր <<Կոշիկ անապատ>>
Վանական համալիր <<Կոշիկ անապատ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Քոլատակ գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դդ

Հուշարձանը բաղկացած է իրար կից 3 եկեղեցիներից՝ գավթից, արևելքից կցված հոգևոր շինությունից և բաղնիքից: Պարունակում է մեծ քանակությամբ խաչքարեր: Դատելով արձանագրությունից՝ կառուցվել է 12-13-րդ դարերում:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը