Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Եկեղեցի " Ս. Հռիփսիմե "
Եկեղեցի " Ս. Հռիփսիմե " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Վարդաշատ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը տեղակայված է գյուղի կենտրոնում: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Միանավ բազիլիկա է՝ կառուցված տեղական մոխրագույն կրաքարով: Ծածկը կղմինդրապատ է, տանիքը՝ թաղակապ: Արևելյան կողմի բեմը ներկայումս գոյություն չունի, պահպանվել են երկու խորան-ավանդատները: Արևելյան, արևմտյան և հարավային պատերից բացվում են մեկական պատուհաններ: Մուտքը, որ բացվում է հարավային կողմից, սրբատաշ քարից է:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Հովհաննես "
Եկեղեցի " Ս. Հովհաննես " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1736թ.

Ս. Հովհաննես եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում և այժմ էլ բարվոք վիճակում է: Եկեղեցին կառուցված է խիստ թեքադիր տեղանքի վրա: Նրա հյուսիսային պատն իր բարձրության կեսի չափով խրված է ժայռի մեջ, իսկ հարավային պատը լրիվ բաց է: Այդ պատճառով հյուսիսային պատի բացվածքը մեկն է, իսկ հարավային պատն ունի երեք լուսամուտ: Եկեղեցու միակ մուտքը, որն արևմտյան կողմից է, բացվում է դեպի պարսպապատ, գեղեցիկ բակը: Բակի հարավարևմտյան անկյունում շրջանաձև աշտարակն է, որտեղից երևում է գյուղը և շրջակա տարածքը: Եկեղեցու ծածկը հենվում է 4 հոյակապ սյուների վրա, կառուցված է տեղական Կավաքի քարահանքից բերված քարով: Արևմտյան պատն արտաքինից շարված է սրբատաշ, իսկ մյուս պատերը կիսամշակ քարից են: Թաղակապ առաստաղը զգալի բարձրություն ունի, որի շնորհիվ տանիքի թեքությունները համեմատաբար մեծ են:

Մանրամասն...
Եկեղեցի " Անապատ "
Եկեղեցի " Անապատ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Գտնվում է գյուղի հյուսիսային եզրին, թեք լանջի վրա: Հատակագիծն ունի պարզ ձև, ուղղանկյուն դահլիճի հորինվածք: Ամբողջ շենքը կիսով չափ թաղված է հողի մեջ: Այդ պատճառով էլ արևմտյան հիմնական մուտքով հնարավոր չէ մտնել եկեղեցի: Բեմը, խորանները մասամբ ծածկված են հողով: Պատերը հաստ են, որմնամույթերից սկզբնավորվում են աղեղնաձև կամարները, որոնց վրա հենվում է թաղակապ ծածկը:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Ստեփանոս "
Եկեղեցի " Ս. Ստեփանոս " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1747թ.

Այս եկեղեցին գտնվում է Տող գյուղի հարավարևմտյան կողմում, հին, ընդարձակ գերեզմանատան մոտ: Մակար Բարխուդարյանցը նրա դռան ճակատակալ քարի վրա ժամանակին կարդացել է <<ՌՃՂԶ (1747թ.) Յիշատակ է սուրբ ըՍտեփանոս եկեղեցուս գլուխն, որ նորոգեց Մելիք Եգան և որդին Մելիք Եսային: Յիշատակ է հոգոյ>>: Պարզվում է, որ եկեղեցին գոյություն է ունեցել վաղուց, և Մելիք Եգանն ու որդին միայն վերանորոգել են նրա ծածկը:

Մանրամասն...
Եկեղեցի " Թեժ "
Եկեղեցի " Թեժ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Տեղադրված է Գտիչ լեռան գագաթին: Մուտքը հյուսիս-արևմուտքից է, վերնամասում առկա է փոքրիկ լուսամուտ: Բացառությամբ ժայռամերձ տարածքից, եկեղեցին շրջապատված է եղել պատով:

Մանրամասն...
Երկրորդ եկեղեցի " Գտչավանք "
Երկրորդ եկեղեցի " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Գտնվում է Իշխանագետի աջ ափին: Ծածկը փլված է: Ժամանակի ընդացքում ենթարկվել էր նորոգումների, օգտագործվել է աղյուս, որը արդյունահանվել էր վանքից մոտ 50մ հյուսիս գտնվող հնոցից: Եկեղեցին իր մուտքով կպված է գավթին: Պատերի մեջ ագուցված են եղել մի շարք խաչքարեր:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Հովհաննես "
Եկեղեցի " Ս. Հովհաննես " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Գտնվում է գյուղի կենտրոնում: Միանավ բազիլիկ շինություն է կառուցված տեղական կոպտատաշ քարով: Ունեցել է երկու մուտք՝ հարավից և արևմուտքից: Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին վերածվել էր պահեստի՝ փակվել են մուտքերը և նոր մուտք է բացվել արևելյան կողմից խորանի միջով: Այժմ եկեղեցին կանգուն է:

Մանրամասն...
Եկեղեցի " Կարմիր խաչ "
Եկեղեցի " Կարմիր խաչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   11-րդ դար, 1000թ.

Կառուցվել է 11-րդ դարի 1000թ-ին: Այդ է վկայում հուշարձանի վրա զետեղված արձանագրությունը, որ այժմ գտնվում է Արցախի պատմա-երկրագիտական թանգարանում. <<Ի ՆԽԹ ( 1000 ) թվին Հայոց և ի թագավորությանս տն Գագիկա, որդո Մուսեի, ես Սոփի դուստր Մուսեի, շինեցի տուն այ. ի փրկություն հոգվո իմո և ծնողաց իմոց>>: Եկեղեցու չափերն են 10.6 x 6.7 x 6մ: Հուշարձանը ներկայումս գրեթե ավերված է: Կառուցվել է կրաքարով: Շուրջը տարածվում է գերեզմանոցը:

Մանրամասն...
Եկեղեցի " Թագավորի գերեզման "
Եկեղեցի " Թագավորի գերեզման " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Գտնվում է Իշխանագետի ձախ ափին: Հուշարձանն ամբողջովին ավերակված է: Պահպանվել է հիմնապատերի հետքերը: Ներսում առկա են երկու խաչքարեր:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Ամենափրկիչ "
Եկեղեցի " Ս. Ամենափրկիչ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ցոր գյուղ
Ժամանակը՝   17-18-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է գյուղի կենտրոնական մասում: Եռանավ բազիլիկա է, երկկենտրոն կամարներով, աբսիդի երկու կողմերի խորաններով, մուտքը՝ հարավից, ծածկը՝ թաղակապ: Դռան բարավորի արձանագրությունն անընթեռնելի է: Ցուցանակի վրա կա վերջին վերանորոգման թիվը՝ 1878թ.:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Լուսավորիչ անապատ "
Եկեղեցի " Ս. Լուսավորիչ անապատ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ցոր գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Եկեղեցին գտնվում է մի փոքր հարթության վրա՝ ձորի ձախ եզրին: Ունի ուղղանկյուն հատակագիծ, տանիքը փլված է, ծածկը թաղակապ է եղել: Կառուցված է գետաքարով և ժայռաքարով, մուտքը՝ սրբատաշ, ունի մկրտարան և երեք պատուհան:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ուխտաձոր գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1692թ.

Հուշարձանը կառուցված է կոպտատաշ քարով: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Հյուսիսային կողմից հենված է հողաշերտին: Տանիքը թաղակապ է: Մուտքը սրբատաշ է՝ զարդանախշ քարով, մայր հողն ու երկրագունդը խորհրդանշող շրջանակներով: Պատերի մեջ ագուցված են մի շարք խաչքարեր: Պարզատիպ են: Եկեղեցին ունի երեք պատուհան, որոնք բացվում են արևելյան և հարավային կողմերից:

Մանրամասն...
Եկեղեցի " Եղցուն ձոր "
Եկեղեցի " Եղցուն ձոր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Քարինգ գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դարեր

Եկեղեցին տեղակայված է գյուղից հարավ-արևելք, <<Եղցուն ձոր>> կոչվող ձորակում: Այն գրեթե ամբողջապես ավերակված է: Պատերը պահպանվել են մինչև 1մ բարձրությամբ: Եկեղեցու շրջակայքում տարածվում է գերեզմանոցը, որտեղ ուշագրավ են թվով 3 խաչքարեր՝ բնորոշ 11-13-րդ դարերին: Նույն ժամանակաշրջանին է վերաբերում նաև եկեղեցին, որը շրջագծով պարփակված է եղել պարիսպներով, որի պատերը ներկայումս պահպանվում են մինչև 1.5մ բարձրությամբ:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Մեսրոպ "
Եկեղեցի " Ս. Մեսրոպ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տյաք գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Ս. Մեսրոպ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Եկեղեցու մուտքը հարավից է՝ սրբատաշ քարից, ծածկը՝ կղմինդրապատ: Հուշարձանը միանավ է, թաղկապ, նեղլիկ խորանով:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Քարագլուխ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Երբեմնի բնակավայրը ներկայումս վեր է ածվել գյուղատեղիի: Այն Արցախյան պատերազմի ժամանակ թուրքերի կողմից հրկիզվել և ավերվել է: Կանգուն են միայն առանձին տների պատերը, ինչպես նաև գյուղամիջյան Սբ. Աստվածածին եկեղեցին, որն ունի ուղղանկյուն հատակագիծ: Թաղակապ է, միակ մուտքը բացվում էր հարավային կողմից, որը խորհրդային ժամանակներում փակվել է, մուտքը բացվելով արևելյան խորանից, նպատակ ունենալով հուշարձանը օգտագործել տնտեսական նպատակներով:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Քյուրաթաղ գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1743թ.

Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ: Կառուցված է կոպտատաշ և սրբատաշ քարով: Մուտքը սրբատաշ է, ունի բացառիկ զարդանախշված տեսք: Թաղակապ է: Եկեղեցու պատերն ագուցված են մի շարք խաչքարեր, որոնք մեծամասամբ պարունակում են հիշատակագիր արձանագրություններ, բուսական ուշագրավ զարդաքանդակներ:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ավդուռ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1874թ.

Հուշարձանը գտնվում է գյուղի կենտրոնում: Միանավ մեծ սրահ է, հատակագծում ուղղանկյուն խորանով, բարձր բեմով և երկու ավանդատներով: Թաղը ամրացված է երկու սրբատաշ որմնակամարներով, նստած հյուսիսային ու հարավային պատերի որմնասյունների վրա: Թաղը, կամարներն ու խորանի ճակտոնը երկկենտրոն են: Միակ մուտքը հարավային ճակատից է, ուր բացվում է նաև լայն ուղղանկյուն պատուհան: Մուտքը ձևավորված է սրբատաշ քանդակազարդերով: Խորհրդային շրջանում հարավային ճակատին կցել են ուղղանկյուն պահեստային սենյակ:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Աշան գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1896թ.

Եկեղեցին եռանավ բազիլիկա է, կառուցված տեղական սրբատաշ քարով: Խորանի աջ և ձախ կողմում կան մեկական ոչ մեծ ավանդատներ: Մուտքը հարավից է, բարավորի վրա առկա է արձանագրություն: Վերջին անգամ վերանորոգման է ենթարկվել 2001թ., ունի ոչ մեծ ռոտոնդա:

Մանրամասն...
Եկեղեցի " Մեծ Նահատակ "
Եկեղեցի " Մեծ Նահատակ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Բերդաշեն գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1676թ.

Եկեղեցին գտնվում է լեռան գագաթնամասում: Միանավ բազիլիկա է, ներքուստ պայտաձև կառուցվածքով: Այն կառուցվել է կիսամշակ քարով: Եկեղեցու արևմտյան մուտքի հատվածում տեղակայված են արձանագիր քարեր և խաչքար: Ըստ ավանդության, եկեղեցու մեջ գտնվել է նահատակի անարձանագիր գերեզմանը: Արևմտյան պատի՝ մուտքի վերնամասում, զետեղված է շինարարական արձանագրություն:

Մանրամասն...
Ռուսական Եկեղեցի
Ռուսական Եկեղեցի ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գևորգավան տեղամաս
Ժամանակը՝   20-րդ դար

Եկեղեցին կառուցվել է 20-րդ դարի սկզբներին՝ նախահեղափոխական տարիներին: Կրաքարից է՝ արտաքուստ դեղնավուն: Արցախյան պատերազմի ժամանակ տանիքը և այլ հատվածներ ավերվել են: Ունի երկու մուտք, որոնք բացվում են արևմտյան և հյուսիսային կողմերից: Պատուհանների թիվը երկու տասնյակից ավելի է:

Մանրամասն...
Եկեղեցի " Թազա սուրբ "
Եկեղեցի " Թազա սուրբ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Եմիշճան գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը գտնվում է գործող գերեզմանոցի հարավային եզրին: Կիսագետնափոր ուղղանկյուն շինություն է առանց ծածկի: Շինության հյուսիսային ու հարավային պատերի արևելյան կողմում թույլ արտահայտված է խորանի ճակտոնն ընդգծող մոտ 15-20սմ ներճկված պատշարը, որը փաստում է ուղղանկյուն խորանով եկեղեցու առկայությունը: Մուտքն ուրվագծվում է հյուսիսային պատի վրա: Շինությունը կառուցված է մանր սպիտակ շերտաքարից և ի սկզբանե եղել է կիսագետնափոր:

Մանրամասն...
Եկեղեցի " Ճոխտ պռվածառ "
Եկեղեցի " Ճոխտ պռվածառ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Հուշարձանը կառուցված է մի ձվաձև բլրակի վրա՝ անտաշ քարով, կից կառուցված է գավիթը: Շինությունն ունի նեղ և երկար ձև: Մուտքը հարավային կողմից է՝ գավթի ներսից: Շինությունը կիսավեր վիճակում է:

Մանրամասն...
Եկեղեցի " Ճոխտ պռվածառ "
Եկեղեցի " Ճոխտ պռվածառ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   11-12-րդ դարեր

Հուշարձանը կառուցված է բարձունքի վրա: Եկեղեցին ավերակ է՝ պահպանվել են միայն հիմնապատերը: Այդ պատճառով էլ, հնարավոր չէ նրա մասին որևէ կոնկրետ տեղեկություն տալ, այնուամենայնիվ հրաշքով փրկված խաչքարերն ու քանդակազարդ խոյակը հիմք են հանդիսանում, ենթադրելու, որ եկեղեցին՝ կառուցվել է զարգացած միջնադարում:

Մանրամասն...
Եկեղեցի " Բերդահոնջի եղցի "
Եկեղեցի " Բերդահոնջի եղցի " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Եկեղեցին գտնվում է Բերդահոնջի ամրոցից մոտ 600մ արևելք, անտառապատ տեղանքի բարձրադիր վայրում: Մեծ եկեղեցի է գերեզմանոցով ու հյուրատուն - քարավանատնով: Եկեղեցին միանավ է կիսաշրջան խորանով, բարձր բեմով ու երկու կողային ավանդատներով: Ներսից սվաղված է և զարդարված պատերին ագուցված խաչքարերով: Սրահի թաղը ամրացված է երկու սրբատաշ երկկենտրոն որմնակամարներով, նստած հարավային և հյուսիսային պատերին ընդգծված որմնամույթերի վրա:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Խնուշինակ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը տեղակայված է <<Խնուշինակ>> գյուղատեղիում: Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ: Կառուցված է տեղական սև քարով: Միակ մուտքը բացվում է հարավային կողմից, որի երկու կողմերում կան մեկական կիսակլոր վերնամասով պատուհաններ: Ծածկը թիթեղապատ էր, որն այժմ գրեթե չի պահպանվել: Տանիքը թաղակապ է և ներքուստ ունի պայտաձև տեսք, սվաղված է: Բեմը՝ երկու ավանդատուն-խորշերով պահպանվել է:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ծովատեղ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը գտնվում է գյուղի կենտրոնում: Մեծ, արտաքինից ուղղանկյուն թաղակապ եկեղեցի է, կառուցված տեղական ճեղքած քարերից, կրաշաղախով: Ունի լայն բացված խորան՝ մեծ պատուհանով: Մուտքը հարավային ճակատից է: Երկկենտրոն թաղը կրում է որմնամույթերի վրա նստած երկու սրբատաշ կամարներ: Ավանդատները բացակայում են: Խորանի բեմը հանված է: Հյուսիսային և հարավային պատերը ներսից ձևավորված են դեկորատիվ որմնակամարներով:

Մանրամասն...
Եկեղեցի " Կարմիր եղցի "
Եկեղեցի " Կարմիր եղցի " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ծովատեղ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1621թ.

Եկեղեցին գտնվում է գյուղի հյուսիս-արևելյան եզրին բարձրացող բլրի գագաթին: Արտաքինից ուղղանկյուն շինություն է լայն բացված խորանով, առանց ավանդատների: Գտնվում է կիսավեր վիճակում: Պահպանվել է խորանը 1/4 գմբեթարդով և հարավային պատից մի հատված: Թաղակապ ծածկը կործանված է: Խորանի ճակատին ագուցված են երկու գեղաքանդակ արձանագիր խաչքարեր:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կոլխոզաշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Եկեղեցին գտնվում է գյուղի մեջ: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Ծածկը թիթեղապատ է, ներքուստ՝ թաղակապ, սվաղված է բաց վարդագույն գույնով: Միանավ բազիլիկա է՝ բեմով, երկու ավանդատներով: Կառուցված է տեղական անմշակ կրաքարով, վերանորոգված է: Ունի փոքրիկ ռոտոնդա՝ զանգակատուն:

Մանրամասն...
Եկեղեցի " Պերիտես "
Եկեղեցի " Պերիտես " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կոլխոզաշեն գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Եկեղեցին գտնվում է գյուղատեղիի ստորին հատվածում, ավերակված է, պատերը պահպանվում են մինչև 1մ բարձրությամբ: Հավանաբար ունեցել է երկու մուտք հարավից և արևմուտքից:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կավահան գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1871թ.

Եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում: 19-րդ դարի միանավ, թաղակապ սրահ է, ուղղանկյուն խորանով, բարձր բեմով և երկու լայն պատուհաններով: Մուտքը հարավային ճակատից է, որտեղ բացված են նաև երկու լայն պատուհաններ: Բարավորին զետեղված է շինարարական արձանագրություն: Երկկենտրոն թաղը ամրացված է սրբատաշ կամարներով՝ նստած հյուսիսային և հարավային պատերի որմնամույթերին:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը