Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Սրբատեղի " Ջուխտ խաչ "
Սրբատեղի " Ջուխտ խաչ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ավդուռ գյուղ
Ժամանակը՝   13-17-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է <<Ջուխտ խաչ>> գյուղատեղիի կենտրոնական մասում, որտեղ կանգնում է 13-րդ դարի մեծ երկատված խաչքարի մի բեկոր, որը և " Ջուխտ խաչ " անվամբ սրբատեղի է համարվում: Խաչքարը և պատվանդանը գտնվում են մի մեծ ուղղանկյուն, արևելք-արևմուտք կողմնորոշված փոսորակի մեջ, որն ամենայն հավանականությամբ, գյուղի եկեղեցին է եղել:

Մանրամասն...
Խաչքար " Ջուխտ խաչ "
Խաչքար " Ջուխտ խաչ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ավդուռ գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանը գտնվում է սրբատեղիի կենտրոնում: Բաժանված է երեք մեծ բեկորների: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, հյուսքեն, բուսական զարդանախշերով: Մեծադիր խաչի աջ թևի ստորին մասում ունի եղծված արձանագրություն: Խաչքարի կողքին ընկած է նրա պատվանդանը:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ավդուռ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը գտնվում է բնակավայրի ակումբի բակում: Սկզբնապես օգտագործվել է որպես շինաքար, այնուհետև հանվել է պատից: Աչքի է ընկնում միակ խորաքանդակ խաչով:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Աշան գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1896թ.

Եկեղեցին եռանավ բազիլիկա է, կառուցված տեղական սրբատաշ քարով: Խորանի աջ և ձախ կողմում կան մեկական ոչ մեծ ավանդատներ: Մուտքը հարավից է, բարավորի վրա առկա է արձանագրություն: Վերջին անգամ վերանորոգման է ենթարկվել 2001թ., ունի ոչ մեծ ռոտոնդա:

Մանրամասն...
Խաչքար " Ս. Աստվածածին "
Խաչքար " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Աշան գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը գտնվում է <<Ս. Աստվածածին>> եկեղեցու հարավային պատի ձախ անկյունում: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, հյուսքեն և բուսական զարդանախշերով: Ստորին հատվածը կոտրված է:

Մանրամասն...
Գերեզմանոց " Հին Աշան "
Գերեզմանոց " Հին Աշան " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Աշան գյուղ
Ժամանակը՝   17-20-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է հին Աշան գյուղի արևելյան եզրին, բլրի վրա: Մեծ գերեզմանոց է, ուր հիմնականում 19-20-րդ դարերի թաղումներ են: Գերեզմանոցի կենտրոնում բլրի գագաթին նկատվում է մեծ, ուղղանկյուն փոսորակ, պատված անցյալ դարի տապանաքարերով: Փոսորակի պարագծին տեղ-տեղ երևում են մեծ քարերից շարված պատերի հետքեր, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ այստեղ եղել է հին, հիմնովին ավերված եկեղեցի:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Աշան գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը գտնվում է գերեզմանոցի կենտրոնում, բլրի գագաթին: Կերտված է կոպտատաշ քարի վրա: Պարզատիպ է, աչքի է ընկնում միակ խաչի բարձրաքանդակով: Կիսով չափ թաղված է հողի մեջ:

Մանրամասն...
Եկեղեցի " Մեծ Նահատակ "
Եկեղեցի " Մեծ Նահատակ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Բերդաշեն գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1676թ.

Եկեղեցին գտնվում է լեռան գագաթնամասում: Միանավ բազիլիկա է, ներքուստ պայտաձև կառուցվածքով: Այն կառուցվել է կիսամշակ քարով: Եկեղեցու արևմտյան մուտքի հատվածում տեղակայված են արձանագիր քարեր և խաչքար: Ըստ ավանդության, եկեղեցու մեջ գտնվել է նահատակի անարձանագիր գերեզմանը: Արևմտյան պատի՝ մուտքի վերնամասում, զետեղված է շինարարական արձանագրություն:

Մանրամասն...
Մատուռ-սրբատեղի " Փոքր Նահատակ "
Մատուռ-սրբատեղի " Փոքր Նահատակ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Բերդաշեն գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար

Հուշարձանը կառուցված է կրաքարով: Պատերի մեջ ագուցված են փոքր չափերի խաչքարեր: Ունի գմբեթ, մուտքը արևմտյան կողմից է, տարածքում տեղադրված են մի շարք պատմական հուշարձաններ:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Բերդաշեն գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Խաչքարը կրաքարից է, ներքնամասը՝ կոտրված: Ունի լայն քիվ: Կենտրոնական մասում մեծադիր խաչի պատկերաքանդակն է, ստորին ուղղահայաց խաչաթևի երկու կողմում՝ փոքր խաչքարերով:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Բերդաշեն գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Հուշարձանը կրաքարից է, կերտված բացառիկ ճոխ պատկերաքանդակներով: Երաժիշտներ, որոնց առջև կա սեղան՝ ուտելիքներով, վերին աջ մասում պատկերված է խոհարար իսկ ձախ մասում հեծյալ զինվոր: Տապանաքարի հետևի մասում առկա է չորս խաչապատկերներ՝ կիսակլոր կամարների տակ:

Մանրամասն...
Խոյակ
Խոյակ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Բերդաշեն գյուղ
Ժամանակը՝   4-5-րդ դարեր

Խոյակը կրաքարից է: Գտնվում է սրբատեղիի ձախ կողմում: Ուշագրավ է գեղեցիկ զարդաքանդակներով, կիսակլոր նախշազարդերով: Կենտրոնից փորված է անցք:

Մանրամասն...
Խոյակ
Խոյակ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Բերդաշեն գյուղ
Ժամանակը՝   5-7-րդ դարեր

Խոյակը կրաքարից է, գտնվում է սրբատեղիի աջ կողմում: Աչքի է ընկնում գեղեցիկ քանդակներով և խաչապատկերով: Կենտրոնից փորված է անցք:

Մանրամասն...
Ամրոց " Կուսաբերդ "
Ամրոց " Կուսաբերդ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Բերդաշեն գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2 հազ. - 13-րդ դար

Ամրոցը տեղակայված է թեքադիր սարահարթի վերին արևմտակողմ գագաթին: Սարահարթի գագաթնամասում է եղել միջնաբերդը, ուր պահպանվել են ժայռափոր ջրամբարը և շուրջ երկու տասնյակի հասնող շինություններ, որոնք ունեցել են բնակելի ու տնտեսական նշանակություն: Որոշ շինություններ եղել են աղյուսաշեն, որի մասին վկայում են թրծված աղյուսի և սալիկների մնացորդները: Ամրոցի տարածքից հայտնաբերվել են տարբեր նշանակության ու ժամանակաշրջանի կավե սափորներ, խեցեղեն իրեր, օբսիդիանի գործիքներ և այլն:

Մանրամասն...
Սրբատեղի " Բբջամալ "
Սրբատեղի " Բբջամալ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գիշի գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 1 հազ.

Հուշարձանը գյուղի գործող սրբավայրերից է: Գտնվում է գյուղից արևմուտք, մի ձվաձև բարձունքի վրա: Արտաքուստ գրեթե ոչինչ չի երևում, բացառությամբ բլրակի և նրա վրա հետագայում կառուցված շինության: Իրականում այստեղ ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, եղել է մի փոքր չափի մատուռ, որը հիմնահատակ ավերվել է խորհրդային ժամանակներում:

Մանրամասն...
Աղբյուր " Բբջամալ "
Աղբյուր " Բբջամալ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գիշի գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1959թ.

Հուշարձանը գտնվում է սրբատեղիից արևմուտք: Նավը բաժանվում է երկու մասի: Պարունակում է արձանագրություն: Սկիզբ է առնում <<Շրմանա քերծ>> անտառից և կարող է կապված լինել վերնամասում գտնվող <<Քյամալա>> աղբյուրի հետ:

Մանրամասն...
Ամրոց " Շրմանա քերծ "
Ամրոց " Շրմանա քերծ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գիշի գյուղ
Ժամանակը՝   Վաղ միջնադար՝ 4-8-րդ դարեր

Այս ուշագրավ հուշարձանը, որ զբաղեցնում է բացառիկ մեծ տարածություն, գտնվում է բարձրադիր <<Շրմանա քերծի>> վրա: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, հուշարձանն ունեցել է 3 միջնաբերդ, որոնցից գլխավորը գտնվում է կենտրոնում: Բուն ամրոցն արևելյան, հարավային և արևմտյան կողմերից շրջափակված է եղել ամրոցապատերով, որոնց լայնությունը 2մ-ից ավելի է: Արևմտյան կողմում պարսպապատի երկարությունը 250-300մ է, հյուսիսային կողմից մոտ 500մ: Հարավային հատվածներում պարիսպների հետքեր չեն նկատվում և ըստ էության գրեթե չեն էլ եղել, քանզի այդ հատվածը դժվարանցանելի է:

Մանրամասն...
Դամբարաններ " Շրմանա քերծ "
Դամբարաններ " Շրմանա քերծ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գիշի գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2 - 1 հազ.

Դամբարանների խումբը բաղկացած է հողաքարային բլուրներից: Հիմնականում կրաքարից են: Վերջին դամբանաբլուրը կրոմլեխային է: Խորհրդային ժամանակներում տարածքը հերկվել է և վերածվել արոտավայրի, որի հետևանքով դամբարանների մեծ մասը ավերվել է:

Մանրամասն...
Ամրոց " Ղլեն խութ "
Ամրոց " Ղլեն խութ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գիշի գյուղ
Ժամանակը՝   4-16-րդ դարեր

Ամրոցը տեղակայված է գյուղից 3կմ հյուսիս, բանուկ ճանապարհի աջակողմյան բարձրավանդակի վրա: Տարածքը շուրջ 0.5 հա է: Պատերի հետքերը տեղ-տեղ նշմարելի են: Նկատելի են նաև երկու տնատեղիների հիմքերը: Ավերակված է, արտաքուստ՝ հարթ: Բուն հնավայրն ունի 45մ երկարություն և 37.5մ լայնություն: Ըստ տեղում կատարած ուսումնասիրությունների, այս հինավուրց բնակատեղին վերաբերում է 4-րդ դարից հետո ընկած ժամանակաշրջանին: Ըստ առանձին վկայությունների, <<Ղլեն խութը>> գոյատևել է մինչև 16-րդ դարի առաջին կեսը:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գիշի գյուղ
Ժամանակը՝   միջնադար

Հուշարձանը տեղադրված է գյուղից 0.5կմ հեռավորության վրա, պարզորոշ երևում են թաղման հետքեր:

Մանրամասն...
Գերեզմանոց " Ոսկե խաչ "
Գերեզմանոց " Ոսկե խաչ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գիշի գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Հուշարձանը Գիշի գյուղի պատմական հնավայրերից է, մի գերեզմանոց, որ հիմնականում վերաբերում է 19-20-րդ դարերին: Ամբողջությամբ չի պահպանվել: Խորհրդային ժամանակներում անտերության մատնելով, աստիճանաբար վեր է ածվել անմխիթար վիճակի: Տապանաքարերն արձանագիր են, հիմնականում կրաքարից, արտաքուստ՝ մոխրագույն:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գիշի գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1908թ.

Տապանաքարը իր կառուցվածքով ու ձևավորումներով միակն է գերեզմանոցում: Ունի ուղղաձիգ կառուցվածք, գագաթնամասում՝ քարե խաչով: Սպիտակ, կարծր քարից է:

Մանրամասն...
Աղբյուր " Ոսկե խաչ "
Աղբյուր " Ոսկե խաչ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գիշի գյուղ
Ժամանակը՝   16-18-րդ դարեր

Աղբյուրը կառուցված է գյուղի ծայրամասում <<Ոսկե խաչ>> սրբավայրի մոտ: Ունի նավ, հետագայում շինվել է տանիք: Որպես շինաքար օգտագործվել է նաև մոտակա գերեզմանոցի տապանաքարերը:

Մանրամասն...
Ռուսական Եկեղեցի
Ռուսական Եկեղեցի ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գևորգավան տեղամաս
Ժամանակը՝   20-րդ դար

Եկեղեցին կառուցվել է 20-րդ դարի սկզբներին՝ նախահեղափոխական տարիներին: Կրաքարից է՝ արտաքուստ դեղնավուն: Արցախյան պատերազմի ժամանակ տանիքը և այլ հատվածներ ավերվել են: Ունի երկու մուտք, որոնք բացվում են արևմտյան և հյուսիսային կողմերից: Պատուհանների թիվը երկու տասնյակից ավելի է:

Մանրամասն...
Եկեղեցի " Թազա սուրբ "
Եկեղեցի " Թազա սուրբ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Եմիշճան գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը գտնվում է գործող գերեզմանոցի հարավային եզրին: Կիսագետնափոր ուղղանկյուն շինություն է առանց ծածկի: Շինության հյուսիսային ու հարավային պատերի արևելյան կողմում թույլ արտահայտված է խորանի ճակտոնն ընդգծող մոտ 15-20սմ ներճկված պատշարը, որը փաստում է ուղղանկյուն խորանով եկեղեցու առկայությունը: Մուտքն ուրվագծվում է հյուսիսային պատի վրա: Շինությունը կառուցված է մանր սպիտակ շերտաքարից և ի սկզբանե եղել է կիսագետնափոր:

Մանրամասն...
Խաչքար " Թազա սուրբ "
Խաչքար " Թազա սուրբ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Եմիշճան գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Խաչքարը գտնվում է <<Թազա սուրբ>> եկեղեցու արևելյան կողմում, խորանի վրա: Կերտված է կոպտատաշ քարի վրա: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով: Քիվի և եզրամասերի զարդանախշերը եղծված-հողմնահարված են:

Մանրամասն...
Գերեզմանոց " Երե չփրներ "
Գերեզմանոց " Երե չփրներ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Եմիշճան գյուղ
Ժամանակը՝   13-14-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է խիտ անտառապատ տեղանքում: Գերեզմանոցը մեծ չէ բայց պարունակում է 13-14-րդ դարերի երեք-չորս գետնին ընկած, կոպիտ մշակված խաչքարեր ու բազմաթիվ անմշակ քարերից դրված սալատապաններ: Թաղումները խիտ են, բայց դժվար են նկատվում անտառամիջյան մամռապատ մակերեսին: Թաղումների մեջ ուրվագծվում են առանձին պատերի ու փոսորակների հետքեր, որոնք սակայն շատ չեն տարածվում և, հնարավոր է գյուղատեղիի մնացորդներն են:

Մանրամասն...
Խաչքար " Երե չփրներ "
Խաչքար " Երե չփրներ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Եմիշճան գյուղ
Ժամանակը՝   13-14-րդ դարեր

Խաչքարը գտնվում է <<Երե չփրներ>> գերեզմանոցի ստորին մասում: Կերտված է կոպտատաշ քարի վրա, կիսով չափ մամռապատ է: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով: Քիվի և եզրամասերի զարդանախշերը եղծված-հողմնահարված են: Խաչքարի ստորին մասը ջարդված է:

Մանրամասն...
Եկեղեցի " Ճոխտ պռվածառ "
Եկեղեցի " Ճոխտ պռվածառ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Հուշարձանը կառուցված է մի ձվաձև բլրակի վրա՝ անտաշ քարով, կից կառուցված է գավիթը: Շինությունն ունի նեղ և երկար ձև: Մուտքը հարավային կողմից է՝ գավթի ներսից: Շինությունը կիսավեր վիճակում է:

Մանրամասն...
Եկեղեցի " Ճոխտ պռվածառ "
Եկեղեցի " Ճոխտ պռվածառ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   11-12-րդ դարեր

Հուշարձանը կառուցված է բարձունքի վրա: Եկեղեցին ավերակ է՝ պահպանվել են միայն հիմնապատերը: Այդ պատճառով էլ, հնարավոր չէ նրա մասին որևէ կոնկրետ տեղեկություն տալ, այնուամենայնիվ հրաշքով փրկված խաչքարերն ու քանդակազարդ խոյակը հիմք են հանդիսանում, ենթադրելու, որ եկեղեցին՝ կառուցվել է զարգացած միջնադարում:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը