Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Աղբյուր
Աղբյուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խանձաձոր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1849թ.

Աղբյուրը տեղակայված է գյուղի հին թաղամասում, եկեղեցու և ՀՄՊԶ հուշարձանի հարևանությամբ: Կառուցված է տեղական սպիտակ կրաքարերով: Հուշարձանի հիմնական արժեքը նրա արձանագրությունն է՝ զետեղված դիմահայաց պատին, որից պարզվում է աղբյուրի կառուցման ստույգ ժամանակը:

Մանրամասն...
Խաչքար " Խանձաձոր "
Խաչքար " Խանձաձոր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խանձաձոր գյուղ
Ժամանակը՝   9-10-րդ դարեր

Հուշարձանը կերտված է կրաքարից, արտաքուստ՝ մոխրագույն է: Աչքի է ընկնում խորաքանդակ միակ խաչի բարձրաքանդակով:

Մանրամասն...
Հուշակոթող " ՀՄՊԶ "
Հուշակոթող " ՀՄՊԶ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խանձաձոր գյուղ
Ժամանակը՝   20-րդ դարեր

Հուշարձանը տեղակայված է գյուղի հին թաղամասում, եկեղեցու հարևանությամբ: Կառուցված է բազալտից: Այն կառուցվել է խորհրդային ժամանակներում՝ ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի, որոնց անուն-ազգանունները փորագրված են հուշակոթողի դիմահայաց նիստին: Արցախյան պատերազմի ժամանակ հուշակոթողը վնասվել է:

Մանրամասն...
Գերեզմանոց " Տեմին սեռ "
Գերեզմանոց " Տեմին սեռ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խծաբերդ գյուղ
Ժամանակը՝   9-11-րդ դարեր

Հուշարձանը տեղակայված է Խծաբերդից արևմուտք, Քարինգ տանող ճանապարհի աջակողմյան եզրամասում: Գերեզմանոցում գերակշռում են կոպտատաշ կամ անտաշ կրաքարե սալատապանները: Դրանք անարձանագիր են և խիստ հողմնահարված: Շատ տապանաքարեր մասամբ կոտրատված են: Ըստ տեղում կատարած ուսումնասիրությունների, հուշարձանը պետք է ժամանակագրել 9-11-րդ դարերով:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խծաբերդ գյուղ
Ժամանակը՝   16-20-րդ դարեր

Գերեզմանոցը գտնվում է գյուղի ՀՄՊԶ հուշարձանի մոտ, ընդգրկում է բավականին ընդարձակ տարածություն՝ իր մեջ ներառելով ճանապարհի երկու հատվածները: Ճանապարհի վերնակողմում գերեզմանատան հնագույն մասն է( 16-17-րդ դդ. ), իսկ ստորին մասում գյուղի գործող գերեզմանոցն է, որտեղ հին ու նոր տապանաքարերը միախառնված են: Շատ տապանաքարեր պարունակում են արձանագրություններ եւ պատկերաքանդակներ: Ըստ տեղում կատարած ուսումնասիրությունների, գերեզմանոցը վերաբերում է 16-20-րդ դարերին:

Մանրամասն...
Գյուղատեղի " Եղցուն ձոր "
Գյուղատեղի " Եղցուն ձոր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խծաբերդ գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

<< Քարին տակ >> անվանվող գյուղատեղին գտնվում է << Եղցուն ձոր >> գետակի աջ ափին, հիմնականում վատ է պահպանվել: Մեծ մասամբ տեղեկություները վերաբերում են գյուղատեղիի տարածքում գտնվող << Եղցուն ձոր >> եկեղեցուն: Պատմական վայրը պատկանում է 16-17-րդ դարերին:

Մանրամասն...
Եկեղեցի " Եղցուն ձոր "
Եկեղեցի " Եղցուն ձոր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խծաբերդ գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դար

Գյուղից արեւմուտք գտնվող այս հուշարձանը, տեղակայված է << Եղցուն ձոր >> գետակի աջ ափին: Եկեղեցին գրեթե կիսավեր վիճակում է: Ծածկը չի պահպանվել, փլված են նաեւ հարավային եւ հյուսիսային պատերը: Մասամբ լավ վիճակում է արեւելյան պատը: Միակ մուտքը բացվում է արեւմուտքից, արեւելյան եւ արեւմտյան կողմերից բացվում են մեկական պատուհաններ: Բուն հուշարձանն ամբողջապես կառուցված է տեղական սպիտակ-դեղնավուն կրաքարով:

Մանրամասն...
Խաչքար " Եղցուն ձոր "
Խաչքար " Եղցուն ձոր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խծաբերդ գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Խաչքարն ագուցված է եկեղեցու բեմի վերնամասի աջ կողմում: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի ստորին և վերին հատվածներում երկու զույգ փոքր խաչեր:

Մանրամասն...
Խաչքար " Եղցուն ձոր "
Խաչքար " Եղցուն ձոր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խծաբերդ գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Խաչքարն ագուցված է եկեղեցու բեմի վերնամասի աջ կողմում: Կերտված է կրաքարից: Կենտրոնում մեծադիր խաչն է, որի վերին և ստորին հատվածներում կան երկու զույգ փոքր խաչեր:

Մանրամասն...
Խաչքար " Եղցուն ձոր "
Խաչքար " Եղցուն ձոր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խծաբերդ գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Հուշարձանն ագուցված է եկեղեցու բեմի վերնամասի ձախ կողմում: Կերտված է կրաքարից: Կենտրոնում մեծադիր խաչն է, որի վերին և ստորին հատվածներում կան երկու զույգ փոքր խաչեր:

Մանրամասն...
Խաչքար " Եղցուն ձոր "
Խաչքար " Եղցուն ձոր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խծաբերդ գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Հուշարձանն ագուցված է եկեղեցու բեմի վերնամասի աջ կողմում: Կերտված է կրաքարից: Կենտրոնում մեծադիր խաչն է, որի վերին և ստորին հատվածներում կան երկու զույգ փոքր խաչեր: Խաչքարի ստորին աջ հատվածը կոտրված է:

Մանրամասն...
Սրբատեղի " Թեղին սուրբ "
Սրբատեղի " Թեղին սուրբ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խծաբերդ գյուղ
Ժամանակը՝   10-11-րդ դարեր

Գտնվում է գյուղից հարավ-արևմուտք, Քարինգ տանող ճանապարհի վրա: Այն ներկայացվում է երկու խաչքարերով՝ տեղադրված աղբրի դիմահայաց պատի վրա: Խաչքարերից մեկը հին է՝ երկու պարզատիպ խաչերով և վերաբերում է 10-11-րդ դարերին, իսկ մյուս խաչքարը՝ կերտված տուֆ քարից, ժամանակակից է: Սրբացված են ոչ միայն խաչքարերը, այլև բուն աղբյուրը, որը բնակչության շրջանում կոչվում է << Աղբյուր-սրբատեղի>>: << Թեղին սուրբ >>-ը գյուղի բնակչության նվիրական վայրերից է և որպես սրբավայր, ներկայումս էլ գործում է:

Մանրամասն...
Խաչքար " Թեղին սուրբ "
Խաչքար " Թեղին սուրբ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խծաբերդ գյուղ
Ժամանակը՝   10-11-րդ դարեր

Հուշարձանը կերտված է կոպտատաշ քարի վրա: Պարզատիպ է: Աչքի է ընկնում մեծ ու փոքր խաչերի բարձրաքանդակներով:

Մանրամասն...
Հուշակոթող " ՀՄՊԶ "
Հուշակոթող " ՀՄՊԶ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խծաբերդ գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար

Հուշարձանը տեղակայված է գյուղի գերեզմանոցի հարևանությամբ: Կառուցված է մարմարից: Այն կառուցվել է խորհրդային ժամանակներում՝ ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի, որոնց անուն-ազգանունները փորագրված են հուշակոթողի աջ նիստին:

Մանրամասն...
Եկեղեցի " Պտկաթաղի վանք "
Եկեղեցի " Պտկաթաղի վանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ծակուռի գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1670թ.

Գտնվում է Ծակուռի և Թաղոտ գյուղերի արանքում, գետակի աջ ափին, Հադրութ տանող ճանապարհի ձախ եզրին: Հնագույն վանքից պահպանվել է միանավ եկեղեցին, որն ըստ արձանագրության, կառուցվել է 1670թ.: Թաղակապ ծածկը, որ հենվում էր չորս մույթերի վրա, փլված է: Բեմի երկու կողմերում, պատի մեջ ագուցված են փոքրաքանդակ խաչքարեր: Մեկի վրա արձանագրված է << Խաչս Թադևոսի>>, իսկ մյուսի՝ << Խաչս Հալոյի>>, որոնք թեև թվակիր չեն, բայց վերաբերում են 17-րդ դարին:

Մանրամասն...
Գերեզմանոց " Պտկաթաղ "
Գերեզմանոց " Պտկաթաղ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ծակուռի գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Պտկաթաղի վանքից արևմուտք, անկանոն ձևով փռված են 17-րդ դարին պատկանող գերեզմանոցի կոպտատաշ տապանաքարերը: Գերեզմանոցը զբաղեցնում է շուրջ 0.5հա տարածք:

Մանրամասն...
Եկեղեցի " Ծաղկավանք "
Եկեղեցի " Ծաղկավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ծակուռի գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1682թ.

Գտնվում է Ծակուռի գյուղի կենտրոնում: Նախկին համալիրից պահպանվում է միայն կաթողիկեն: Ունի արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագիծ: Դահլիճի գրեթե քառակուսի համաչափությունը պայմանավորված է հարավային և հյուսիսային պատերի լայն բացվածքի կամարախորշերով: Ներքուստ սվաղված է, սյուները, կամարները, որմնախորշերը, բեմի ճակատի քիվերը շարված են սրբատաշ կապտավուն քարերով, իսկ կողապատերը՝ տեղական կոփածո կայծքարով: Պատերի հաստությունը մեկ մետրից ավելի է: Ձախ խորանի առաստաղին քանդակված է օձի պատկեր: Հուշարձանը նախկինում ունեցել է գմբեթ, որն այժմ չի պահպանվում: Այստեղ պահպանված հնագույն խաչքարն ըստ արձանագրության կերտվել է 1198թ., որը ցույց է տալիս, որ ներկայիս եկեղեցու տեղում դեռևս 12-րդ դարում մեկ այլ շինություն կար: Եկեղեցու շքամուտը մի եզակի ստեղծագործություն է: Զարդաքանդակների մեջ ստալակտիտների կիրառումը սերտորեն կապված է հայկական, այդ թվում նաև տեղական ավանդությունների հետ և, անտարակույս, այդ ավանդությունները հարստացնող լավագույն օրինակներից մեկն է:

Մանրամասն...
Աղբյուր
Աղբյուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ծակուռի գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1865թ.

Հուշարձանը գտնվում է գյուղի մեջ, ունի տնտեսական նշանակություն: Ծորակից վերև տեղադրված քարի վրա առկա է արձանագրություն: Վերջին տարիներին աղբյուրը վերանորոգվել է ժամանակակից ոճով:

Մանրամասն...
Աղբյուր
Աղբյուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ծակուռի գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը տեղադրված է գյուղի մեջ, եկեղեցուց ներքև: Ծորակից վերև տեղադրված է խաչքար: Վերջին տարիներին վերանորոգվել է ժամանակակից ոճով:

Մանրամասն...
Եկեղեցի " Սբ. Աստվածածին "
Եկեղեցի " Սբ. Աստվածածին " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ծամձոր գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար 1696թ.

Հուշարձանը տեղակայված է գյուղի կենտրոնում: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Կառուցված է տեղական կրաքարերով: Մուտքի հատվածը և ներքուստ՝ երկու կենտրոնական զույգ մույթերը սրբատաշ քարից են: Եռանավ բազիլիկա է: Ծածկը թիթեղաշեն է, տանիքը՝ թաղակապ: Եկեղեցու տարբեր կողմերից բացվում են հինգ փոքրիկ պատուհաններ: Միակ մուտքը հարավային կողմից է: Պատերի մեջ ագուցված են 17-րդ դարին բնորոշ խաչքարեր, որը ցույց է տալիս, որ եկեղեցին վերանորոգված է և, դատելով մուտքի բարավորի քանդակազարդ շրջանակ-քարից, այն իրականացվել է 19-րդ դարի վերջերին:

Մանրամասն...
Կամուրջ " Օրհնած ջրի ձոր "
Կամուրջ " Օրհնած ջրի ձոր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ծամձոր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը գտնվում է <<Պկլաձոր>> կամրջի մոտ, կառուցվել է աղբյուր տանող ճանապարհի համար, որպես հետիոտնային անցուղի: Հետագայում կամուրջը վերանորոգվել է:

Մանրամասն...
Կամուրջ " Պկլաձոր "
Կամուրջ " Պկլաձոր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ծամձոր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Կոչվում է նաև <<Շենի կամուրջ>>: Հուշարձանը տեղակայված է գյուղի ներքնամասում, գյուղամիջյան <<Շռռան>> գետակի վրա՝ համանուն ձորակում: Թռիչքը 4.4մ է, անցուղու լայնությունը՝ մինչև 4մ: Կառուցված է կոփածո և անմշակ քարերով, կրաշաղախով 19-րդ դարի սկզբներին:

Մանրամասն...
Աղբյուր " Շենին տակ "
Աղբյուր " Շենին տակ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ծամձոր գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Աղբյուրը գտնվում է երկու կամուրջների մոտ, կառուցվել է տեղական սրբատաշ կրաքարերով 17-րդ դարում: Վերանորոգվել է 2004թ.:

Մանրամասն...
Սրբատեղի " Կենե "
Սրբատեղի " Կենե " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ծամձոր գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը գտնվում է ավերակված վիճակում, պահպանվել է միայն արևմտյան պատը: Եղել է մատուռ և որպես սրբատեղի, մինչ օրս էլ չի կորցրել իր նշանակությունը:

Մանրամասն...
Եկեղեցի " Աստվածածին "
Եկեղեցի " Աստվածածին " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ծաղկավանք գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Գտնվում է գյուղի կենտրոնում մեծ թեքություն ունեցող լանջի վրա: Եկեղեցին արևելյան ճակատով դուրս է գալիս գյուղամիջյան ճանապարհի վրա, իսկ արևմտյան ճակատը ամբողջովին ձուլվում է թեք լանջի հետ: Միանավ թաղակապ եկեղեցի է, լայն կիսաշրջան խորանով ու երկու ավանդատներով: Միակ մուտքը հարավային ճակատից է, որտեղից բացվում է մեկ լայն պատուհան: Թաղը ամրացված է երկու սրբատաշ կամարներով. որոնք հենվում են հարավային և հյուսիսային պատերի որմնասյուների վրա: Եկեղեցու հարավային կողմում, խորհրդային շրջանում կառուցվել է գյուղի ակումբը, որը ներկայումս փլուզվելով կիսով չափ, ծածկել է եկեղեցու մուտքը:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ծաղկավանք գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Գտնվում է գյուղից մոտ կես կմ. հյուսիս, Ծաղկավանք - Ակնաղբյուր ճանապարհի ձախ եզրին, դեպի հեռակապի աշտարակը տանող ճանապարհի խաչմերուկի մոտ: Զբաղեցնում է կորաձև բլրակի գագաթն ու լանջերը: Մեծ գերեզմանոց է 19-րդ դարի տապանաքարերով: Տապանաքարերի մեծ մասը արձանագրված է: Թաղումները խիտ են դասավորված, տապանաքարերի տիպերը բազմազան են: Խաչքարեր չկան:

Մանրամասն...
Իջևանատուն " Ղարղաբազար "
Իջևանատուն " Ղարղաբազար " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   17-րդ դար

Լավ պահպանված հուշարձաններից է Հադրութ-Մարտունի խճուղու 10-րդ կիլոմետրի հատվածում, ներկայիս Ղարղաբազար տեղավայրում գտնվող իջևանատունը: Հարմար աշխարհագրական դիրքը, ընդարձակ դահլիճները, տնտեսական ու պաշտամունքային կառույցները, թաղակապ պահեստներն ու ախոռները հիմք են տալիս ենթադրելու, որ միջնադարյան ճարտարապետական այդ համակառույցը ձևավորվել է երկար ժամանակահատվածում, տարբեր շինարարների ձեռքով: Իջևանատան համալիրը կառուցված է ազատ հատակագծման սկզբունքով՝ ելնելով տեղանքից ու կողմնորոշումից: Սրահի ու դահլիճների թաղակապ ծածկը բնական ապառաժ բլուրն է: Իջևանատան համալիրի մեջ մտնող հիմնական շինությունները գտնվում են բլրի ստորին լանջին: Գլխավոր և միակ մուտքը տեղադրված է սրահի ուղղությամբ՝ արևմուտքից: Մուտքից աջ ու ձախ, միմյանց զուգահեռ երկու ընդարձակ ախոռներ են, որոնցից մեկը ձգվում է դարպասից արևելք, իսկ մյուսը՝ հակառակ կողմը: Շինությունները ներքուստ թաղակապ են, սվաղված, ունեն բուխարիներ, աստիճաններ, որտեղից կարելի է բարձրանալ եռակամար ճակատով դահլիճները: Սրահի երեք կամարները պայտաձև են, կառուցված հայ ճարտարապետական ավանդույթների ոգով: Իջևանատան վերնամասում տեղադրված է գրեթե քառակուսի հատակագծով մզկիթ, կառուցված սրբատաշ քարից:

Մանրամասն...
Բնակատեղի
Բնակատեղի ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Գտնվում է Ֆիզուլու հյուսիսային եզրամասում, գետամերձ հատվածում: Երկու, իրար կողքի բազմաշերտ, արհեստական բլուր-բնակատեղիներ են՝ թեփեներ, որոնց բարձրությունը 30 մետրից ավելի է: Առաջինը հատակագծում կլոր, գագաթը հարթ կտրած է, մյուսը՝ էլիպսաձև հատակագծով հարթ մակերեսով թեփե է: Խորհրդային ժամանակներում այստեղ իրականացվել են պեղման աշխատանքներ: Կոնաձև բլրի մեջ բացվել է ուղղանկյուն մեծ պեղավայր ու փորվել է երկար հորիզոնական հորատանցք: Ըստ ուսումնասիրողների, հուշարձանը վերաբերում է մ.թ.ա 4-1 հազ.: Տեղում հավագված վերգետնյա խեցեղենը վերաբերվում է կուր-արաքսյան մշակույթին, անտիկ շրջանին ու միջնադարին:

Մանրամասն...
Դամբարանադաշտ
Դամբարանադաշտ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Հուշարձանն ունի անհամեմատ մեծ չափեր՝ մոտ 150մ երկարություն: Դամբանաբլրի միայն մի մասն է հարակից վարելահողին: Հյուսիսային և հյուսիս-արևելյան կողմերից այն տարածվում է մինչև գետամերձ ձորաեզր, որը ցույց է տալիս, որ իրականում հնագիտական այս հուշարձանը միայն մեկ դամբանաբլուրով չի սահմանափակվում, երբեմնի ընդարձակ դամբարանադաշտից մնացել է մի փոքր մասը: Արևելյան և հյուսիսային կողմերում փորվածքներ են, որոնք կատարվել են Արցախյան պատերազմի ժամանակ:

Մանրամասն...
Դամբարանադաշտ
Դամբարանադաշտ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 2 - 1 հազ.

Հուշարձանը տարածվում է Ֆիզուլու հյուսիս-արևելյան գետամերձ հատվածում՝ շուրջ 2 կմ շառավղով: Այն իրենից ներկայացնում է արևելք-արևմուտք ձգվող դամբանաբլուրների շարքեր, որոնք վերաբերում են մ.թ.ա 2-1 հազարամյակին: Դամբանաբլուրների թիվը երկու տասնյակից ավելի է, որոնք ունեն 2-8մ բարձրություն:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը