Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Եկեղեցի " Թարգմանչանց վանք "
Եկեղեցի " Թարգմանչանց վանք " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կաղարծի գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Գտնվում է գյուղի կենտրոնում: Սյունազարդ եռանավ բազիլիկա է՝ 18.7 x 12.6 մ չափերի: Կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարով: Մուտքի, պատուհանների եզրամասերը սրբատաշ քարից են: Երկթեք կտուրի տակ առնված թաղածածկը հենվում է կողապատերի և սյուները կամրջող կամարների վրա: Մուտքը հարավային կողմից է: 2000-2005 թթ-ին հուշարձանը վերանորոգվել է, դառնալով Կաղարծի գյուղի ուշագրավ վայրերից մեկը:

Մանրամասն...
Եկեղեցի " Լուսավորիչ "
Եկեղեցի " Լուսավորիչ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կաղարծի գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1811թ.

Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ: Կառուցված է կաթնագույն, սև, մոխրագույն և սպիտակ կրաքարից: Մուտքը արևմուտքից է, ունի 3 պատուհան: Շրջակայքում տարածվում է գերեզմանոցը, գյուղատեղին: Մուտքի բարավորի վրա առկա է արձանագրություն:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Հաղորտի գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1751թ.

Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ: Ծածկը կղմինդրապատ է, տանիքը՝ թաղակապ: Միանավ բազիլիկա է, կառուցված տեղական կրաքարով: Ներքուստ և արտաքուստ սվաղված է: Մուտքը հարավ-արևմտյան կողմից է: Հուշարձանի տարբեր կողմերից բացվոմ են երեք պատուհաններ: Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես պահեստ: Ըստ մուտքի ձախակողմյան պատին ամրացված ցուցանակի, եկեղեցին վերանորոգվել է Դանիել Մարտիրոսյանի կողմից: Եկեղեցու մոտ Տեր Ստեփանի տապանաքարն է, որի արձանագրությունից հայտնի է դառնում, որ եկեղեցին կառուցվել է 18-րդ դարում. <<Այս է տապան տեր ըՍտեփանին, թին ՌՄ էր ( 1751թ. )>>:

Մանրամասն...
Եկեղեցի
Եկեղեցի ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Հացի գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Գտնվում է գյուղի արևելյան եզրին, Նորաշեն տանող ճանապարհի ձախ կողմում: Իր տեղով ու դիրքով առանձնանում է Բռի Եղցի վանական համալիրից: 13-րդ դարին բնորոշ միանավ բազիլիկ եկեղեցի է: կառուցված սրբատաշ քարերից, կրաշաղախով: Արևմտյան ճակատը ամբողջովին պատված է փորագիր խաչապատկերներով ու արձանագիր խաչքարերով: Եկեղեցն կիսավեր է, բացակայում է թաղածածկը:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Հերհեր գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը գտնվում է գյուղի հյուսիսային եզրին: Փոքր միանավ եկեղեցի է, լայն բացված ուղղանկյուն խորանով: Եկեղեցին կիսավեր է ու խարխլված: Պահպանվել է արևմտյան մասը և հյուսիսային պատի կեսը: Մուտքի տեղը չի երևում: Ներսը մասամբ լցված է փլատակներով: Կառուցված է կոպտատաշ քարից:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Եղիշե "
Եկեղեցի " Ս. Եղիշե " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ղուզե Ճարտար գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1655թ.

Հուշարձանը ուշ միջնադարի ոճի բազիլիկա է, ներսում ունի երկու սյուն, տանիքը թաղակապ է, ծածկը՝ թիթեղաշեն: Բեմի երկու կողմերում կան ուղղանկյուն հատակագծով երկու խորան-ավանդատներ: Ներքուստ կամարները, մույթերը, լուսամուտները և դռան եզրամասերը շարված են մաքուր տաշած քարերով, մնացած հատվածները՝ անտաշ են: Պատերի մեջ օգտագործված են այստեղ եղած հին շինության բազմաթիվ քարեր, գեղաքանդակ խաչքարեր, նույնիսկ գերեզմանաքարեր:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Գևորգ "
Եկեղեցի " Ս. Գևորգ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ղուզե Ճարտար գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Գտնվում է գյուղի կենտրոնում: Միանավ թաղակապ շինություն է կիսաշրջանին մոտեցող խորանով ու երկու ավանդատներով: Խորհրդային շրջանում որպես պահեստ օգտագործվող եկեղեցու հատակը բարձրացվել է, այնպես, որ ավանդատները մնացել են հատակից ցածր: Միակ մուտքը ու լայն բացված ուղղանկյուն պատուհանը հարավային ճակատից են: Սրահի կենտրոնում՝ որմնասյուների վրա հենվող թաղակիր կամարն է: Օգտագործվում է որպես գյուղի հանդիսության սրահ:

Մանրամասն...
Եկեղեցի " Ամենափրկիչ "
Եկեղեցի " Ամենափրկիչ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գյունե Ճարտար գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1787թ.

Գտնվում է Գյունե Ճարտար գյուղի կենտրոնում, թեքադիր վայրում: Կառույցի հարավային ճակատի դիմաց բացված է հենապատով ամրացված արհեստական հրապարակ: Միանավ թաղակապ սրահ է լայն բացված կիսաշրջան խորանով, առանց ավանդատների: Միակ մուտքը հարավային ճակատի արևմտյան անկյունից է: Թաղը կիսաշրջան է, կենտրոնում ամրացված թաղակիր կամարով: Կառուցված է ճեղքած, կոպտատաշ քարերից: Թաղակիր կամարը և խորանի ճակատակալ կամարի քարերը սրբատաշ են: Կառուցման տարեթիվը կրող արձանագիր քարը դրված է մուտքի աջ եզրին:

Մանրամասն...
Եկեղեցի " Կոհակ "
Եկեղեցի " Կոհակ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գյունե Ճարտար գյուղ
Ժամանակը՝   10-13-րդ դարեր

Գտնվում է գյուղից 4.5 կմ հյուսիս-արևելք, շրջապատի վրա գերիշխող բարձր բլրի գագաթին: Իրենից ներկայացնում է խոնարհված եկեղեցի, որի փլատակների մեջ պահպանվել են երեք խաչքար և մեկ խաչքարի պատվանդան: Եկեղեցու ավերվածության աստիճանը այնպիսին է, որ դժվարությամբ է ուրվագծվում նրա հատակագծային հորինվածքը՝ միանավ բազիլիկ սրահ կիսաշրջան խորանով: Ուրվագծվում են պատերի առանձին հետքեր:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Մուշկապատ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ: Ծածկը կղմինդրապատ է, տանիքը՝ թաղակապ: Հիմնականում կառուցված է կոպտատաշ ու անտաշ, կաթնագույն քարից: Մուտքը և ներքուստ սյուներն ու կամարակապ որմերը սրբատաշ են: Միանավ բազիլիկա է: Պատերի մեջ ագուցված են խաչքարեր, որոնք պարունակում են կարճառոտ արձանագրություններ: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Ունեցել է բեմ, որ այժմ չի պահպանվում:

Մանրամասն...
Եկեղեցի " Շոշկավանք "
Եկեղեցի " Շոշկավանք " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Մսմնա գյուղ
Ժամանակը՝   16-րդ դար

Հուշարձանն ունի միանավ դահլիճի հորինվածք: Վերանորոգման ընթացքում այն ձևափոխվել է: Ինչպես երևում է պատերից, եկեղեցին նախկինում էլ ենթարկվել էր նորոգումների: Այն ունեցել է խաչազարդ բեմ, երեք լուսամուտ, մեկ մուտք: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, նախկին եկեղեցին տարածաշրջանի գլխավոր սրբավայրերից է եղել, որը վերանորոգվելով ներկայումս հանդիսանում է Արցախ երկրամասի ուշագրավ հուշարձաններից մեկը:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Մսմնա գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Գտնվում է գյուղի մեջ: Միանավ բազիլիկա է՝ ուղղանկյուն հատակագծով: Կառուցված է տեղական անմշակ ու կոպտատաշ կրաքարերով: Միակ մուտքը բացվում է հարավ-արևմտյան անկյունից: Մուտքի և հուշարձանի այլ հատվածներ սրբատաշ են: Տարբեր կողմերում կան 6 պատուհաններ: Բեմը չի պահպանվել: Ծածկը՝ կղմինդրապատ է:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Մյուրիշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1869թ.

Հուշարձանը գտնվում է գյուղի կենտրոնում՝ հենապատով ամրացված արհեստական հարթակին: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Միանավ բազիլիկա է՝ երկկենտրոն կամարներով: Խորանի երկու կողմերին ունի ավանդատներ: Մուտքը հարավային կողմից է, ուր բացվում են նաև երկու ոչ մեծ պատուհաններ: Եկեղեցին կառուցված է կոպտատաշ քարով, բացի անկյունաքարերից և շքամուտքից, որոնք սրբատաշ են: Խորհրդային տարիներին վերածվել էր խորդանոցի:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ննգի գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1895թ.

Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ: Ծածկը թիթեղապատ է, տանիքը՝ թաղակապ: Եռանավ բազիլիկա է, կառուցված տեղական կրաքարով ու կրաշաղախով: Ունի փոքրիկ ռոտոնդա: Մուտքը արևմտյան կողմից է: Տարբեր կողմերից բացվում են թվով 6 պատուհաններ: Բարավորի վրա կա արձանագրություն, ըստ որի <<Այս տուն լոսոյ յորինիցաւ գեղջըն Ննկի փոքի մեծաւ անցաւորայս մեզ յոյս թողաւ ապագայեցն յիշադակաւ խնդրեմք յեշել պադարաքաւ զայնս որովք աս կառուցաւ 1858 ամբ>>: Եկեղեցին վերանորոգվել է 2003թ-ին Ա. Սարգսյանի հովանավորությամբ:

Մանրամասն...
Եկեղեցի " Եղցահող "
Եկեղեցի " Եղցահող " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ննգի գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանը գտնվում է խիտ անտառապատ տեղանքում: Կիսավեր է: Փոքր միանավ բազիլիկ սրահ է, արևելյան կողմում լայն բացված կիսաշրջան խորանով ու անբնական լայն պատերով: Հնարավոր է, որ համալիրը ժամանակին եղել է ոչ թե գյուղատեղի, այլ փոքր վանական միաբանություն՝ անապատ, ինչը շատ ավելի հավանական է:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ննգի գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1895թ.

Եկեղեցին գտնվում է գյուղատեղիի հարավ-արևելյան եզրամասի հրվանդանի վրա: Միանավ բազիլիկա է, ուղղանկյուն հատակագծով: Մուտքը և կամարները կառուցված են սրբատաշ, իսկ պատերը՝ հիմնականում անմշակ քարերով: Միակ մուտքը հարավից է: Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես գոմ:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Հովհաննես "
Եկեղեցի " Ս. Հովհաննես " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Նորշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը գտնվում է գյուղի կենտրոնում: Միանավ մեծ սրահ է, հատակագծում ուղղանկյուն մոտեցող խորանով և երկու ավանդատներով: Ներսից սվաղված է: Խորհրդային իշխանության տարիներին բեմը հեռացվել է: Միակ մուտքը հարավային կողմից է: 2013թ.-ին վերակառուցվել է:

Մանրամասն...
Եկեղեցի " Ամենափրկիչ "
Եկեղեցի " Ամենափրկիչ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Սպիտակաշեն գյուղ
Ժամանակը՝   15-16-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է գյուղի գործող գերեզմանոցում: Հիմնովին կործանված եկեղեցի է, որից պահպանվել են միայն արևմտյան մուտքի սրբատաշ շրջանակի աջ և ձախ եզրաքարերը իրենց խարիսխներով: Բուն եկեղեցին ուրվագծվում է մեծ ուղղանկյուն փոսորակի տեսքով, որի եզրապատերը կազմող հողաթումբը պարունակում է խոնարհված եկեղեցու պատերի փլատակները: Արևելյան կողմում թույլ ուրվագծվող գոգավորությունից կարելի է ենթադրել, որ խորանը հատակագծում կիսաշրջան է եղել:

Մանրամասն...
Եկեղեցի " Ջարգա Մարագ "
Եկեղեցի " Ջարգա Մարագ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Սպիտակաշեն գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Գտնվում է Սպիտակաշենից մոտ 0.3կմ հյուսիս-արևեմուտք, գյուղի գործող գերեզմանոցում, <<Ջարգա Մարագ>> կոչվող տարածքում: Հիմնովին կործանված եկեղեցի է, որից իր տեղում պահպանվել են միայն արևմտյան մուտքի սրբատաշ շրջանակի աջ և ձախ եզրաքարերը:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Գևորգ "
Եկեղեցի " Ս. Գևորգ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Սոս գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Գտնվում է գյուղի կենտրոնական թաղամասի բարձրադիր կետում: Միանավ բազիլիկ սրահ է խորը նստած խորանով, առանց ավանդատների: Միակ մուտքը հարավային ճակատից է: Ունեցել է հատակագծում եռանկյուն քարե ցանկապատով բակ, սրբատաշ շքամուտքով: Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես ակումբ:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Զարդանաշեն գյուղ
Ժամանակը՝   18-19-րդ դարեր

Միանավ բազիլիկ շինություն է նեղ, երկարաձիք խորանով ու երկու կողային փոքր ավանդատներով: Արտաքինից ուղղանկյուն է մի փոքր նեղացող խորանի հատվածով: Միակ մուտքը հարավային ճակատից է, ձևավորված կրկնակի կամարակապ շքամուտքով: Ունի երեքական պատուհան հարավային ու հյուսիսային ճակատներում: Կառուցված է կոպտատաշ քարից սրբատաշ անկյունաքարերով:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1840թ.

Գտնվում է գյուղի կենտրոնում: Արտաքինից ուղղանկյուն միանավ բազիլիկ շինություն է, կիսաշրջան խորանով: Խորանի երկու կողմերում տեղադրված են մեկական ավանդատներ: Բարձր բեմի ճակտոնին դրված են 16-17-րդ դարերի խաչքարերի բեկորներ: Միակ մուտքը հարավային ճակատից է կամարակապ սրբատաշ ձևավորմամբ: Մուտքի վրայի շինարարական արձանագրությունը վկայում է, որ այն կառուցվել է 1840թ.-ին: Մուտքի դիմաց, հետագայում, կառուցվել է մի ուղղանկյուն, ներկայումս կիսավեր, շինություն, որը հավանաբար, ծառայել է որպես գավիթ կամ զանգակատուն:

Մանրամասն...
Եկեղեցի " Հին Թաղավարդ "
Եկեղեցի " Հին Թաղավարդ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Թաղավարդ գյուղի ուշագրավ այս հուշարձանը գտնվում է գրեթե կիսավեր վիճակում: Թաղակապ տանիքի արևմտակողմը չի պահպանվել: Բուն եկեղեցին կառուցված է տարբեր չափերի, այդ թվում՝ մեծադիր անտաշ, մուտքի հատվածում՝ սրբատաշ կրաքարերով: Եկեղեցին ուշագրավ է զարդանախշ, հարավային կողմից բացվող մուտքով, մի շարք գեղեցկահյուս խաչքարերով, որոնցից շատերը պարունակում են արձանագրություններ: Պատուհանները բացվում են արևելյան և արևմտյան կողմերից:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կարմիր շուկա գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1731թ.

Գյուղատեղիի կենտրոնում կանգնած է միանավ բազիլիկ Ս. Աստվածածին եկեղեցին, որի բեմահատվածը՝ արևելյան արտաքին պատով հանդերձ, քանդված է: Եկեղեցու մուտքի բարավորի շինարարական արձանագրությունը վկայում է, որ այն կառուցվել է 1731թ.-ին:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Գևորգ "
Եկեղեցի " Ս. Գևորգ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Քերթ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում: 19-րդ դարի միանավ թաղակապ սրահ է, երկու սրբատաշ թաղակիր կամարներով, կիսաշրջանին մոտեցող խորանով ու երկու ավանդատներով: Թաղը երկկենտրոն է, ներսի վիճակը՝ բարվոք: Եկեղեցին խորհրդային շրջանում վերածվել էր գյուղի ակումբի և հիմնովին վերակառուցվել: Վրան կառուցվել է երկրորդ հարկ, արևելքից կցվել նոր շինություն: Եկեղեցու արտաքին տեսքը ամբողջովին աղավաղված է, բայց բուն եկեղեցին պահպանվել է գրեթե անխաթար:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Այգեստան գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1850թ.

Եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Ըստ դռան ճակատակալ քարի վրայի արձանագրության, կառուցված է 1850թ.-ին: Եռանավ բազիլիկա է՝ կառուցված սրբատաշ քարերով: Ծածկը թիթեղապատ է, ունի փոքրիկ ռոտոնդա: Մուտքը հարավ-արևմտյան կողմից է: Հուշարձանի տարբեր կողմերից բացվում են 4 պատուհաններ: Գործող է, ներքուստ՝ հարդարված:

Մանրամասն...
Եկեղեցի
Եկեղեցի ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Այգեստան գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը գտնվում է գյուղի գործող գերեզմանոցի տարածքում: Ունի ուղղանկյուն հատակագիծ, միանավ բազիլիկա է՝ կառուցված տեղական սպիտակ կրաքարով: Ծածկը կղմինդրապատ է, տանիքը՝ թաղակապ: Բեմը պահպանվել է, ավանդատներ չունի: Միակ մուտքը եկեղեցու հարավ-արևմտյան կողմից է: Արևելյան, արևմտյան և հարավային պատերից բացվում են մեկական պատուհաններ: Ըստ տեղում կատարած ուսումնասիրությունների, եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ակնաղբյուր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Եկեղեցին եղել է թաղակապ, այժմ փայտածածկ է, կառուցված է տեղական կոպտատաշ քարից, մուտքը սրբատաշ է, ունի 2 կամար, որոնք նույնպես սրբատաշ են:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Դահրազ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Կառուցված է կրաքարով և կրաշաղախով, միանավ է: Կցված է նախկին դպրոցի շենքի հարավային պատին: Պարունակում է արձանագրություն՝ դռան բարավորի վրա, ըստ որի այն << արդեամք արդար վաստակաց >>: Կառուցվել է 1862թ.:

Մանրամասն...
Եկեղեցի " Սբ. Աստվածածին "
Եկեղեցի " Սբ. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Լուսաձոր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Գտնվում է գյուղի կենտրոնական մասոմ: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Միակ մուտքը հարավ-արևմտյան կողմից է: Հուշարձանի տարբեր կողմերից բացվում են թվով 6 պատուհաններ: Ծածկը կղմինդրապատ է, տանիքը՝ թաղակապ: Ներքուստ սվաղված է: Միանավ է, բեմը չի պահպանվել: Երբեմնի բեմի երկու կողմերում ավանդատները պահպանվել են: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, հուշարձանը կառուցվել է 19-րդ դարում:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը