Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Եկեղեցի " Ըղեն նահատակ "
Եկեղեցի " Ըղեն նահատակ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Կարմիր գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Եկեղեցին կրում է նաև "Խաչին տակ" անվանումը: Գյուղատեղիի հյուսիսային եզրին, բլրի վրա կանգնած է փոքր, թաղածածկ դահլիճով եկեղեցին (չափերը` 6.8 x 5.3 x 5.8մ), որի պատերի մեջ ագուցված են մի շարք խաչքարեր՝ բնորոշ 12-13-րդ դարերին: Առանձին խաչքարեր պարունակում են բուսական ու երկրաչափական, ինչպես նաև՝ կենցաղային բնույթի բարձրաքանդակներ: Խաչքարեր կան ոչ միայն հուշարձանի ներսում, այլև արտաքուստ՝ մասնավորապես մուտքի հատվածում և մոտակա գերեզմանոցում, որոնց ընդհանուր թիվը մեկ տասնյակից ավելի է: Եկեղեցու մուտքի դիմաց 1861թ. կառուցվել է հյուրատուն ուխտավորների համար: "Խաչի տակ" կամ "Ըղեն նահատակ" եկեղեցուց մոտ 100մ հեռավորության վրա տարածվում է համանուն գերեզմանոցը՝ բնորոշ 9-14-րդ դարերին, իսկ ստորին մասում՝ գյուղատեղին, որն ըստ էության գոյատևել է մինչև 19-րդ դար, նկատի ունենալով այստեղ գտնվող աղբրի վրայի արձանագրությունը:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Հարավ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը տեղակայված է գյուղի վերնամասում (չափերը՝ 13.5 x 6 x 6.5մ): Միանավ բազիլիկա է, ներքուստ՝ թաղակապ: Ծածկը կղմինդրապատ է: Հիմնականում կառուցված է տեղական սպիտակ, անտաշ ու կոպտատաշ քարերով: Մուտքը բացվում է հարավային պատից: Հարավային կողմից բացվում են երկու, արևելյան և արևմտյան կողմից՝ մեկական պատուհաններ: Խորանը՝ երկկողմանի ավանդատներով է:

Մանրամասն...
Եկեղեցի
Եկեղեցի ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Մխիթարաշեն գյուղ
Ժամանակը՝   17-18-րդ դարեր

Գտնվում է գյուղի արևելյան եզրին, ձորահայաց ժայռերի տակ ընկած փոքր տափարակի վրա: Եկեղեցին ավերակված է: Պահպանվել են հիմնապատերը մինջև 1մ բարձրությամբ, շարված միջին չափի ճեղքած քարերից կրաշաղախով: Հորինվածքով այն ուղղանկյուն հատակագծի մեջ վերցված միանավ բազիլիկա է, արևելյան կողմում կիսաշրջան խորանով: Եկեղեցու շուրջը տարածվում է գերեզմանոցը 19-20-րդ դարերի տապանաքարերով:

Մանրամասն...
Եկեղեցի " Ղևոնդաց վանք "
Եկեղեցի " Ղևոնդաց վանք " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Մոշխմհատ գյուղ
Ժամանակը՝   5-7-րդ դարեր

Գտնվում է Մոշխմհատ գյուղի մոտ: Կրում է նաև "Ղոնդիկ անապատ" անվանումը: Տեղադրված է գեղատեսիլ բնության գրկում՝ անտառապատ լեռան վրա: Վանքը խմբային հուշարձան է՝ բաղկացած եկեղեցուց, գավթից, զանգակատնից, ջրհորից, երկհարկանի հյուրատնից, այլևայլ բնակելի շինություններից և պարսպապատից: Զգալի տեղ են գրավում արձանագիր խաչքարերը: Եկեղեցին ներկայացնում է 6.2 x 3.6մ չափի դահլիճ: Բեմը սրահի մակարդակից բարձր է 80սմ: Լուսավորություն ստանում է արևելյան և հարավային կողմերից եղած պատուհաններից: Ներքուստ սվաղված է: Եկեղեցու ներսում՝ բեմի վրա կա երկու խաչքար, որոնցից մեկը արձանագիր է: Շինությանը արևմուտքից կից է գավիթը, որն ունի 4.8 x 3.2մ չափերի ուղղանկյուն հորինվածք: Եկեղեցու մուտքի հյուսիսային կողմում կա մի փոքրիկ արձանագրություն՝ "թվին ՌՃԷ" (1658թ.), իսկ գավթի դռան մոտ "ՌՄԻԷ (1775թ.)-ին հիշատակ է գաւիթս Զաքարիա Յովսէփ և Մելքոն վարդապետաց": Ըստ գավթի մուտքի բարավորի արձանագրության, գավիթը նորոգվել է 1900թ. Բաբանց Սահակի կողմից: Գավթին արևմուտքից կից է սրահը, ըստ որոշ հեղինակների՝ զանգակատունը՝ 2 x 2մ հատակագծով: Վանքից հարավ-արևելք՝ վանական համալիրի տարածքում, երկհարկանի հյուրատունն է՝ կառուցված 1896թ.:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Գևորգ "
Եկեղեցի " Ս. Գևորգ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Նորագյուղ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1810թ.

Հին կամ Վերին Նորագյուղի եկեղեցին, որը կրում է Ս. Գևորգ անունը, գտնվում է համանուն գյուղից հյուսիս-արևելք: Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ: Կառուցված է կրաքարերով, անկյուններում օգտագործված են սրբատաշ քարեր: Հուշարձանն աչքի է ընկնում ընդարձակ սրահով (14.6 x 7.3մ): Միակ մուտքը արևմուտքից է: Հարավային, արևելյան և արևմտյան կողմերից բացվում են մեկական պատուհաններ: Խորհրդային ժամանակներում հուշարձանը վերաձևվել է ակումբի, բացվել անհամաչափ պատուհաններ, հեռացվել բեմը: 2006թ. եկեղեցու տանիքը վերանորոգվել է: Բարավորին հուշարձանի կառուցման արձանագրությունն է, ըստ որի "Կառուցեալ է սբ Գեորգա եկեղեցին հասարագութեն ի ժամանակի Աղեքսանդր ՔՀ Զաքիյանց, 1810":

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ներքին Սզնեք գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1849թ.

Հուշարձանը գտնվում է գյուղի մեջ (չափերը՝ 13 x 8.6 x 5.2մ): Կառուցվել է ըստ էության 20-րդ դարի սկզբներին, նախկինում այստեղ 1849թ. շինված եկեղեցու տեղում, որի մասին վկայում է տեղում գտնվող բարավորը՝ արձանագրությամբ, որը հուշարձանի վերակառուցման ժամանակ չի օգտագործվել կամ տեղադրվել իր տեղում: Եկեղեցին արտաքուստ և ներքուստ սվաղված է: Միանավ բազիլիկա է, ծածկը թիթեղաշեն, տանիքը՝ թաղակապ: Միակ մուտքը բացվում է հարավային ճակատից: Հարավային և արևելյան կողմերում կան մեկական պատուհաններ: Եկեղեցու մուտքի մոտ կան մի շարք տապանաքարեր:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Ստեփանոս "
Եկեղեցի " Ս. Ստեփանոս " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Շոշ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1655թ.

Հուշարձանը տեղակայված է գյուղի վերին թաղամասում: Ունի ուղղանկյուն հատակագիծ (չափերը՝ 17 x 10 x 5.5մ բարձր.): Ներքուստ թաղակապ է, տանիքը՝ հողաշեն, կրաշաղախով: Մուտքը հյուսիս-արևմտյան կողմից է, որի ճակատակալ քարի վրայի արձանագրությունից պարզվում է, որ եկեղեցին կառուցվել է 1655թ.: Ներքուստ բեմը ամբողջությամբ չի պահպանվել: Բեմի երկու կողմերում մեկական ավանդատները անխթար են: Միանավ բազիլիկա է՝ երկկամար, որոնցից մեկը քանդված է: Եկեղեցին ունի 4 լուսամուտ, որոնք բացվում են հարավային, հյուսիսային, արևելյան և արևմտյան կողմերից:

Մանրամասն...
Եկեղեցի " Ջուխտակ եղցի "
Եկեղեցի " Ջուխտակ եղցի " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Պատարա գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Հուշարձանը տեղադրված է գյուղից մոտ 7 կմ հարավ-արևմուտք, "Լեսնոյ" տեղավայրում, համանուն գյուղատեղիի հյուսիս-արևելյան թեքադիր եզրամասում: Գրեթե ավերակված վիճակում է: Բաղկացած է երկու եկեղեցիներից, գերեզմանատնից և խաչքարերից: Ձախակողմյան եկեղեցին ունի համեմատաբար փոքր չափեր (3.6 x 2.6 x 3.5մ): Պահպանվել են պատերի առանձին հատվածները, մուտքը արևմտյան կողմից է: Ստորին մասում գտնվող եկեղեցին ունի անհամեմատ մեծ չափեր: Ուշագրավ է մի շարք գեղեցկահյուս խաչքարերով՝ բուսական ու երկրաչափական քանդակներով, որոնք պարունակում են արձանագրություններ և ագուցվել են ներքուստ՝ պատերին ու խորշերում: Եկեղեցուց հյուսիս և հյուսիս-արևմուտք տարածվում է գերեզմանոցը՝ ուշագրավ ու եզակի խաչքարերով, բնորոշ 12-13-րդ դարերին:

Մանրամասն...
Եկեղեցի " Ամենափրկիչ "
Եկեղեցի " Ամենափրկիչ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Պատարա գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Գտնվում է գյուղից մոտ 2.5 կմ հյուսիս-արևմուտք, կոչվում է նաև Փրկչի վանք: Վերաբերում է 12-13-րդ դդ.: Այստեղ, բացի եկեղեցուց, պահպանվել են գյուղատեղիի ավերակները և գերեզմանոցը, բազմաթիվ անարձանագիր տապանաքարերով: Եկեղեցին ունի բազիլիկի հորինվածք, արևելքում ավագ խորանն է, որին երկու կողմերից կից են ոչ մեծ ավանդատները: Արևելյան ճակատում արտաքինից կան երկու եռանկյուն խորշեր, որոնք ձգվում են ամբողջ շենքի բարձրությամբ: Տաճարի, որն ունի երկու՝ հարավային և արևմտյան կողմերից բացվող մուտք, պատերը կառուցված են կոպտատաշ, իսկ որմնասյուներն ու շենքի անկյունաքարերը՝ տեղական սրբատաշ դեղնասպիտակավուն չեչ քարից:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Հակոբ "
Եկեղեցի " Ս. Հակոբ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Վերին Սզնեք գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1885թ.

Հուշարձանը տեղադրված է գյուղի արևմտյան եզրամասում (չափերը` 11 x 8 x 7.5մ): Արևմտյան կողմից պատը հենվում է թեքադիր սարալանջին: Կառուցված է տեղական անտաշ սպիտակ կրաքարով: Մուտքի և պատուհանների շրջանակները սրբատաշ են: Արևելյան կողմից (ներառյալ ավանդատները) բացվում են երեք, հարավային կողմից՝ մեկ պատուհաններ: Ծածկը թիթեղաշեն է, տանիքը՝ թաղակապ: Միակ մուտքը բացվում է հարավ-արևմտյան պատից: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, եկեղեցին վերակառուցվել է 20-րդ դարի սկզբներին, նախկինում այստեղ եղած եկեղեցու տեղում, ընդ որում, շինարարները չեն օգտագործել դռան ճակատակալ արձանագիր քարը, որ ներկայումս տեղադրված է մուտքի ձախակողմյան պատին: Քարի (բարավորի) վրայի արձանագրությունը հաղորդում է, որ "82թ. սկսաւ սբ Յակոբայ եկեղեցիս կառուցաւ սբ եկեղեցիս ծախիւք և արդեամք Վերինսզնեքեցի Աւետիս Աղաբէկ կամ Սարգիս Յակոբեան Դովլաթեանցի հալալ վաստակոց իւրոց, 85թ. օծեց Գրիգոր եպկսն":

Մանրամասն...
Եկեղեցի " Եղցաձորի եղցի "
Եկեղեցի " Եղցաձորի եղցի " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Վերին Սզնեք գյուղ
Ժամանակը՝   17-18-րդ դարեր

Ուղղանկյուն հատակագծով այս ուշագրավ հուշարձանը վերաբերում է 17-18-րդ դարերին (չափերը՝ 10 x 8մ): Կառուցված է տեղական սպիտակ անմշակ կամ կոպտատաշ կրաքարով: Մուտքը՝ բարավորով հանդերձ, իրականացված է սրբատաշ քարով: Ներքուստ սվաղված է, որի մնացորդները պահպանվել են: Արևելյան և արևմտյան կողմից բացվում են երեք պատուհաններ: Խորանն ու երկու ավանդատները պահպանվել են: Ներսում և մուտքի վրա կան պատերին ագուցված մի շարք գեղեցկահյուս և ուշագրավ խաչքարեր՝ բնորոշ 17-րդ դարին: Առանձին հուշակոթողներ պարունակում են արձանագրություններ: Եկեղեցու շուրջը տարածվում է գերեզմանոցը՝ բնորոշ 16-17-րդ դարերին:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Քռասնի գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը գտնվում է գյուղի կենտրոնում, գրեթե ավերակված վիճակում: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Նախկինում եղել է թաղակապ՝ կառուցված սպիտակ կրաքարերով: Տանիքը ժամանակավորապես թիթեղապատված է: Տնտեսական նպատակներով օգտագործելու համար խորհրդային ժամանակներում հյուսիս-արևմտյան կողմից բացվել է մուտք՝ փակվելով արևմտյան կողմից բացվող մուտքը: Խորանի բեմը չի պահպանվել: Պատի մեջ պահպանվել է մեկ պատրհան:

Մանրամասն...
Եկեղեցի " Ժամ "
Եկեղեցի " Ժամ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Քռասնի գյուղ
Ժամանակը՝   13-17-րդ դարեր

Գտնվում է Քռասնի գյուղից երկու կմ. հյուսիս, "Պուլուր թափա" կոչված ամրոցանիստ բլուրից մեկ կմ. հարավ-արևելք, բարձր քերծի գագաթին: Լեռան գագաթը, ուր կարելի է բարձրանալ միայն զգալի թեքություն ունեցող հյուսիս-արևելյան լանջով, ընդարձակ հարթ-գոգավոր անտառապատ տարածք է, որի ամենաբարձր կետում տեղակայված է եկեղեցին: Այն ավերակված է, վերածված բլրանման քարակույտի, որի մեջ ուշադիր զննելիս կարելի է տարբերակել երբեմնի կիսաշրջան խորանով, միանավ բազիլիկ եկեղեցու ուրվագիծը: Հուշարձանի մոտավոր չափերն են՝ 3.5 x 7.0 մ: Միակ մուտքը բացվում է արևմտյան ճակատից: Այն կառուցվել է կոպտատաշ կրաշաղախից:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Վանես "
Եկեղեցի " Ս. Վանես " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Այգեստան գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Ս. Վանես եկեղեցին միանավ բազիլիկա է, իբրև շինանյութ օգտագործվել են երկու տիպի քար՝ թաղակիր կամարները, անկյունաքարերը, շքամուտքը, լուսամուտները, բեմաճակատը շարված են սրբատաշ, իսկ պատերը՝ կոպտատաշ քարերով: Ներքուստ սվաղված է ավազային շաղախով: Կառույցը բնորոշ է 18-րդ դարին:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնապատ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Եկեղեցին ավերակված վիճակում է: Պահպանվել են պատերը 1մ միջին բարձրությամբ: Ներսում տեղադրված են 5 խաչքարեր:

Մանրամասն...
Եկեղեցի " Շինատեղի եղցի "
Եկեղեցի " Շինատեղի եղցի " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնապատ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը կառուցվել է կոպտատաշ կրաքարով: Ներկայումս կիսավեր շինություն է: Պահպանվել են միայն պատերը՝ միջինը 2.2մ բարձրությամբ, հաստությունը 95սմ:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնապատ գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Եկեղեցին թաղակապ, միանավ, ուղղանկյուն հատակագծով շինություն է: Արևելյան մասում ունի կամարակապ մուտքերով ավանդատներ: Մկրտության ավազանի ճակատին դրոշմված է խաչանշան: Պատի հաստությունը 93սմ է:

Մանրամասն...
Եկեղեցի
Եկեղեցի ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնապատ գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար, 1224թ.

Փոքր չափերի եկեղեցի է, կառուցված տեղական անմշակ կրաքարով: Միակ մուտքը արևմուտքից է, ունի մեծ պատուհան: Ներսում՝ սուրբ սեղանի տեղը խաչքար է: Վերանորոգվել է 2002-2003թթ.:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խրամորթ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1237-1800թթ.

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ շինություն է՝ կառուցված, տեղական սպիտակավուն, կոպտատաշ քարերով և կրաշաղախով: Մուտքը հարավային կողմից է, որը կառուցվել է բավականին մեծ սրբատաշ քարերով:

Մանրամասն...
Եկեղեցի
Եկեղեցի ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խրամորթ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դ. 1800-1876թթ.

Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ, թաղակապ ծածկ: Ներքուստ ունի ցածրադիր բեմ, որի երկու կողմերում կան երկու խորշեր: Խորանի աջ ու ձախ կողմերում ավանդատներն են, կա մկրտության ավազան: Միակ մուտքը հարավից է: Դռան ճակատակալի վրա քանդակված է եկեղեցու կառուցման տարեթիվը:

Մանրամասն...
Կից շինություն " Ըղեն նահատակ "
Կից շինություն " Ըղեն նահատակ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Կարմիր գյուղ
Ժամանակը՝   միջնադար

Հուշարձանը ուղղանկյուն հատակագծով թաղածածկ շինություն է, կառուցված տեղական անտաշ քարով, պատերի մեջ զետեղված են մի քանի գեղեցկազարդ խաչքարեր:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Նախիջևանիկ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Եկեղեցին ավերակված է, պահպանվել է միայն հյուսիսային պատը և մասամբ արևմտյանը, հյուսիսային պատին ագուցված է փոքրիկ խաչքար:

Մանրամասն...
Եկեղեցի
Եկեղեցի ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Շոշ գյուղ
Ժամանակը՝   միջնադար

Եկեղեցին քանդված վիճակում է: Շինության հյուսիսային պատը չկա, իսկ արևելյան, արևմտյան և հարավային պատերը կիսատ-պռատ վիճակում են: Պատերին ագուցված են խաչքարեր: Քարերը ամբողջովին թափված են շինության ներսում: Պահպանվել է բեմի մասը և հարավային խորշը, որտեղ բնակիչները մոմեր են վառում:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ջրաղացներ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1882թ.

Կառույցը սպիտակ կրաքարից է, թաղածածկ, 2 դռներով՝ արևմտյան և հարավային, նույն կողմից երեք պատուհաններով: Ունի բեմ և երկու խորան:

Մանրամասն...
Եկեղեցի
Եկեղեցի ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ջրաղացներ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Եկեղեցին կառուցված է կրաքարից: Ունի 1 դուռ հյուսիսից, 2 լուսամուտ արևելքից և արևմուտքից, 1 գաղտնարան հյուսիսային պատի մեջ (պատի հաստությունը 1.3մ), գտնվում է անտառածածկ մի բլրակի վրա:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Աստվածածին "
Եկեղեցի " Ս. Աստվածածին " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ռև գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1894թ.

Եկեղեցին միահարկ, երկկամարանի շինություն է: Մուտքի քիվի վրա առկա է արձանագրություն, որից էլ հայտնի է դառնում, որ այն կառուցվել է 1894թ.-ին: Խորհրդային տարիներին եկեղեցին ներքուստ սվաղապատվել է:

Մանրամասն...
Եկեղեցի " Ծերա նահատակ "
Եկեղեցի " Ծերա նահատակ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Պատարա գյուղ
Ժամանակը՝   9-րդ դար

Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ: Կառուցվել է հիմնականում անմշակ քարերով: Արևմտյան պատին ագուցված է եկեղեցու շինարարական արձանագրությունը: Ներսում ունի փոքր բեմ, երկու պատուհան և երկու պատրհան:

Մանրամասն...
Եկեղեցի " Օծկան "
Եկեղեցի " Օծկան " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Պատարա գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանը կառուցված է կրաքարից: Միակ մուտքը արևմուտքից է: Պատի հաստությունը 85սմ է: Բեմը ավերված է:

Մանրամասն...
Եկեղեցի " Դարպասուտ եղցի "
Եկեղեցի " Դարպասուտ եղցի " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Պատարա գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանը կիսավեր վիճակում է: Կառուցվել է կրաքարով: Ներքուստ սվաղված է, ունի 2 պատրհան: Պատի հաստությունը 74սմ:

Մանրամասն...
Եկեղեցի " Ս. Ստեփանոս "
Եկեղեցի " Ս. Ստեփանոս " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Պատարա գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Կառուցված է կրաքարով: Եռանավ բազիլիկա է: Ներկայումս վերանորոգված վիճակում է:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը