Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Նիկոլ Դումանի տուն-թանգարան
Նիկոլ Դումանի տուն-թանգարան ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ծաղկաշատ գյուղ
Հուշարձանի N:   0166
Հուշարձանի հասցե ՝  Ասկերանի շրջան, գյուղ Ծաղկաշատ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր
Նշանակություն՝  Հանրապետական

Տուն-թանգարանը ստեղծվել է 2004թ. Նիկոլ Դումանի հայրենի Ղշլաղ (Ծաղկաշատ) գյուղում: Կազմված է 4 բաժիններից՝ Ն. Դումանի սրահ, 19-րդ դարավերջի բնակելի սենյակ, գյուղական կենցաղի սենյակ թանգարան, բակի շինություններ: Սրահը զբաղեցնում է տուն-թանգարանի առաջին հարկը, որտեղ տեղակայված են Դումանի կյանքն ու գործունեությունը նկարագրող ցուցանմուշներ և հուշատախտակներ: Բնակելի սենյակը զբաղեցնում է տուն-թանգարանի երկրորդ հարկը՝ կահավորված տվյալ ժամանակաշրջանի ցուցանմուշներով, թախտ՝ հին գորգով և ներքնակով, կարպետ, կաղնու փայտից սեղան՝ աթոռներով, կավե ամանեղեն, փայտյա գդալներ և այլն: Երկրորդ հարկի պատշգամբում տեղակայված է խոհանոցային մասնաբաժինը՝ օջախով: Ցուցադրվում են նաև կենցաղային այլ ցուցանմուշներ: Թանգարանի շենքին կից շինություններում տեղակայված է 19-րդ դարի ղարաբաղյան կյանքն արտացոլող ավանդական տնտեսական սենյակ՝ գյուղական կենցաղի թանգարան, որտեղ ցուցադրված հավաքածուները ամբողջական պատկերացում են տալիս ժամանակաշրջանի ղարաբաղյան ընտանիքի տնտեսական գործունեության մասին: Այստեղ ցուցադրված են հնագույն խնոցի, գինու կարասներ ու տակառներ, գորգագործական հաստոցի մասեր, ցորենի ամբարներ, սղոցելու հաստոց, ձեռքի աղաց-երկանք և այլն: Բակի վերնամասում վերակառուցված են 19-րդ դարի ղարաբաղյան առանձնատան կառույցներ, այդ թվում՝ թոնրատուն՝ վերականգնված ժամանակի դասական տեխնոլոգիայով: Բակի երկրորդ հարկաբաժնում կառուցված է հարթակ, որտեղ տեղակայված են բացօթյա ռեստորանի սեղաններ:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը